ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Քննարկումներ «Սոցիալ-մշակութային և գեղարվեստական կրթություն» թեմայի շրջանակներում
14.12.2012
Մանկավարժական համալսարանում դեռևս շարունակվում են բուհի հիմնադրման 90 ամյակին նվիրված միջոցառումները: <Նոր ուսուցիչ նոր դպրոցի համար. մանկավարժական կրթության բարեփոխման հեռանկարներ, տեսություն և պրակտիկա> թեմայով գիտաժողովի պլենար նիստի բացումից հետո, աշխատանքները շարունակվեցին մի շարք մասնաճյուղերում:
Կուլտուրայի ֆակուլտետում անցկացվող <Սոցիալ-մշակութային և գեղարվեստական կրթություն> թեման քննարկող մասնաճյուղի համանախագահներն էին մանկավարժական համալսարանի արվեստի պատմության, տեսության և մշակութաբանության ամբիոնի պրոֆեսոր, արվեստագիտության դոկտոր Հրավարդ Հակոբյանը և հեռուստառադիոլրագրության ամբիոնի վարիչի պաշտոնակատար, դոցենտ Արմեն Ամիրյանը:
Գրադարանագիտության և մատենագիտության ամբիոնի վարիչ, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Սուքիասյանը խոսեց <Գրադարանային-տեղեկատվական բարձրագույն կրթության և մանկավարժության հետ փոխադարձ կապի բնութագիրը> թեմայի շուրջ: Նա ընդգծեց, որ բակալավրը և մագիստրոսը` կախված մասնագիտական գործունեության տեսակից և նպատակաուղղվածությունից, պետք է ընդունակ լինեն իրագործել և լուծել մի շարք հիմնախնդիրներ:
Անդրադառնալով գրադարանագիտության, մատենագիտության և գրքագիտության փոխադարձ կապը մանկավարժության հետ` Գագիկ Սուքիասյանը ասաց. <Դրանց կապը դրսևորվում է սոցիալական ոլորտում` կրթադաստիարակչական մեթոդների և ձևերի կիրառման պայմաններում: Գրադարանագիտության մեջ մանկավարժության ձուլման դրսևորումներից է գրադարանային մանկավարժության ինքնուրույն բաժինը` որպես առանձին ուսուցանվող առարկա: Մանկավարժությունն իր հերթին օգտվում է գրադարանագիտության, մատենագրիտության և գրքագիտության բազմաթիվ տվյալներից>: Անդրադարձ կատարվեց նաև արցախյան ազատագրական պատերազմի և հետպատերազմյան շրջանների գրադարանային գործի վիճակի բնութագրմանը, նշելով, որ պատերազմի հետևանքով կործանվել են ավելի քան 220 գրադարաններ, իսկ գրքային ֆոնդերը ենթարկվել են թալանի և հրդեհվել:
Գրադարանագիտության և մատենագիտության ամբիոնի ասիստենտ, բանասիրական գիտությունների թեկնածու Անահիտ Մուրադյան ներկայացրեց <Երուսաղեմի ձեռագիր մշակույթի պատմությունից> թեմայով ընդգրկուն զեկույց:
Նույն ամբիոնի մագիստրոս Շողեր Հունանյանն էլ անդրադարձ կատարեց Արցախի պարբերական մամուլի պատմությանը: Խոսեց Արցախի դարավոր անցյալի մասին, անդրադրաձավ հրատարակված առաջին գրքերին և պարբերականներին: Բանախոսը կարևորեց պարբերական մամուլի, գրքի, գրադարանների պահպանումն, արժևորումն ու օգտագործումը: <Հայ պարբերական մամուլը Արցախում ունի 138-ամյա պատմություն, որն ինքնին խոսուն և լուրջ փաստարկ է Ադրբեջան-ԼՂՀ հակամարտության հարցում` միջազգային հանրությանը օբյեկտիվ պարզաբանումներ ներկայացնելու առումով>,- ամփոոփեց Շողեր Հունանյանը:
Արվեստագիտության թեկնածու, դոցենտ Մերի Երզնկյանը ներկայացրեց <Մարտիրոս Սարյանի նատյուրմորտների լավատեսության հոգեբանական էությունը>թեմայով հետաքրքիր զեկույց: Նա վերլուծեց Սարյանի գեղանկարչության, մասնավորապես նատյուրմորտի լավատեսական էությունը և կարևորեց ժանրի դերը արվեստագետի ստեղծագործական մտածելակերպի համատեքստում: <Սարյանի արվեստը իր դրական լիցքերով անհրաժեշտություն է ժամանակակից հայ հասարակության կյանքում>,- ասաց արվեստաբանը:
Արվեստի պատմության, տեսության և մշակութաբանության ամբիոնի վարիչ, արվեստագիտության թեկնածու, դոցենտ Արա Հակոբյանը ներկայացրեց <Ստեփանոս Դաշտեցի. երևելի անհատականություն 17-18-րդ դդ. հայ նոր կերպարվեստում> թեմայով զեկույց: Նա մտահոգություն հայտնեց, որ այսօր շարքային նկարիչներն ավելի հայտնի են հասարակությանը, քան դասականները: Ինչն էլ պատճառ է հանդիսացել, որպեսզի ուսումնասիրվեն և լսարանին ներկայացվեն ոչ այդքան հայտնի, սակայն կերպարվեստում մեծ դեր և նշանակություն ունեցող նկարիչների կյանքն ու գործունեությունը:
Դիզայնի և դեկորատիվ-կիրառական արվեստի ամբիոնի վարիչ, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Անուշ Եղիազարյանը իր զեկույցում անդրադարձավ նորաձև հագուստի բրենդի կայացման նախադրյալներին: <Նորաձևությունն ամբողջ աշխարհում համարվում է 3 խոշորագույն բիզնես ոլորտը նավթաարդյուանբերությունից և սննդարդյունաբերությունից հետո>,- ասաց Ա. Եղիազարյանը:
Նա նորաձևության ոլորտը մեր հանրապետությունում ոչ այդքան զարգացած համարեց և ընդգծեց, որ բիզնեսի առումով շատ ռիսկային է: Անդրադարձավ բրենդի կառավարմանը, նշեց մի քանի խոշորոգույն բրենդների պատմությաններ, ներկայացրեց 118 մուլտի բրենդային և 37 մոնոբրենդային խանութների հետազոտությունները: Պրոֆեսորն ընդգծեց, որ բրենդի կայացման համար անհրաժեշտ է, որպեսզի այն միջազգային չափորոշիչներին համպատասխանի, ունենա գրագետ գովազդը, մատուցման օրիգինալ ձև, որակ և մի շարք այլ հատկանիշներ: Վերջիններն էլ թույլ կտան, որպեսզի բրենդը մուտք գործի միջազգային շուկա և ունենա իր ուրույն տեղը: Երաժշտության տեսության, դասավանդման մեթոդիակայի և նվագարանների ամբիոնի վարիչի պաշտոնակատար, դոցենտ Մարգարիտա Բաղդասարյանը իր զեկույցում ներկայացրեց Ավետիք Իսահակյանի պոեզիան Գեորգի Սվիրիդովի վոկալ ստեղծագործություններում:
Աշխատանքում ներկայացվեցին Սվիրիդովի երկու ստեղծագորությունները, որոնք գրված են Իսահակյանի խոսքերով: <Սվիրիդովը սիրել և ուսումնասիրել է Հայաստանը, հայկական պատմությունն ու մշակույթը: Նա իր ստեղծագործություններով ցույց է տվել Իսահակյանի պոեզիայի բովանդակությունն ու խորությունը>,- ընգդծեց դոցենտը:
Գեղարվեստական կրթության ֆակուլտետի խմբավարության և ձայնադրման ամբիոնի վարիչի պաշտոնակատար, դոցենտ Արտաշես Բաբուրյան ներկայցրեց <Աուֆտակտը որպես երգչախումբը ղեկավարելու միջոց> թեմայով զեկույց:
Կուլտուրայի ֆակուլտետի դեկան, մանկավարժական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Գևորգ Թադևոսյանը խոսեց <Անտիկ շրջանի ժամանցը և մնայուն արժեքները> թեմայի շուրջ, իսկ օպերատորության, գեղարվեստական լուսանկարչության և սոցիալ-մշակութային գործունեության ամբիոնի դասախոս Գարեգին Գևորգյանը անդրադարձավ <Սոցիալ-մշակութային ոլորտի ենթակառուցվածքներին ու զարգացման միտումներին: Գեղարվեստական կրթության ֆակուլտետի դեկան, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Սարգիս Էլբակյանը հետաքրքիր և կարևոր զեկույց ներկայացրեց <Ժամանակակից երաժշտությունը ուսանողի երաժշտագիտական պատրաստման մեջ> թեմայով:
Մասնաճյուղի համանախագահ Արմեն Ամիրյանը գիտաժողովի ավարտին շնորհավորեց ներկաներին գիտաժողովի կայացման համալսարանի հոբելյանի կապակցությամբ: Ցանկություն հայտնեց, որպեսզի նման գիտաժողովներն էլ ավելի շատ լինեն, սակայն ավելի թեմատիկ նեղ մասնագիտացմամբ, որպեսզի ավելի խորը մասնագիտական քննարկումներ լինեն և արդյունքում լուրջ եզրահանգումներ ունենան: Վերջինս ներկաներին շնորհավորեց նաև գալիք Ամանորի ու Սուրբ Ծնունդյան տոների կապակցությամբ` մաղթելով ամենայն բարիք: