ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Տեսական և պրակտիկ նոր մոտեցումներ գիտաժողովի մասնաճյուղերում
14.12.2012
Հոգեբանության, փիլիսոփայության և սոցիոլոգիայի ոլորտներում տեսական և պրակտիկ նոր մոտեցումների շուրջ զեկուցեցին I մասնաճյուղում, որի համանախագահներն էին ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, փիլիսոփայության միջազգային ակադեմիայի նախագահ, ՀՊՄՀ առընթեր մետափիլիսոփայության, փոխակերպական տրամաբանության և փաստարկման տեսության միջազգային գիտահետազոտական ինստիտուտի ղեկավար Գեորգ Բրուտյանը, Սոցիոլոգիայի և սոցիալական աշխատանքի ամբիոնի վարիչի պաշտոնակատար, սոց. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Յուրա Գասպարյանը, Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան, հոգեբանական գիտ. դոկտոր, պրոֆեսոր Սրբուհի Գևորգյանը:
Մանկավարժական համալսարանի զարգացման և կիրառական հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգեբանական գիտությունների դոկտոր, դոցենտ Սամվել Խուդոյանն իր զեկույցում անդրադարձավ հիվանդագին խաղամոլությանը, դրա ձևավորման փուլերին ու հաղթահարմանը` հատկապես կոգնիտիվ հիպնոթերապիայի միջոցով:
Սամվել Խուդոյանը ներկայացրեց հիվանդագին խաղամոլների հոգեբանական բնութագրերը, նրանց անձնային գծերը, խաղամոլության բուժման դեղարայքային և հոգեթերապևտիկ մեթոդները:
Մասնագիտական որակավորման բարձրացման և միջբուհական համագործակցության կենտրոնի ղեկավար, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Նաիրա Հակոբյանն իր զեկույցում անդրադարձավ կառավարման համակարգում փոխակերպվող հասարակության սոցիալ-հոգեբանական դրսևորումներին: «Փոխակերպվող հասարակությունում, երբ արագ տեմպերով մարգինալացվում են հասարակական կյանքի գրեթե բոլոր ոլորտները, գերիշխող է դառնում կառավարման փոխակերպական ձևը, որը զբաղեցնում է միջանկյալ դիրք կառավարման ավանդական (խորհրդային) և նոր (հետխորհրդային, շուկայական) կառավարման տիպերի միջև»,-իր զեկույցում նշեց Նաիրա Հակոբյանը:
Վերջինս անդրադարձավ նաև փոխակերպվող հասարակության կառավարման սոցիալ-տնտեսական և սոցիալ-հոգեբանական առանձնահատկություններին, այդ հասարակության դրական բովանդակություն ունեցող երևույթներին, ինչպես նաև կրթական ոլորտի ղեկավարների մասնագիտական ունակությունների և կարողությունների արդիականացմանն ուղղված աշխատանքներին:
Հոգեբանության գիտահետազոտական լաբորատորիայի վարիչ, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Վահան Սարգսյանն իր զեկույցում ներկայացրեց ապագա մանկավարժների կոմպետենտության հոգեբանական որակական վերլուծությունը մանկավարժական պրակտիկայի գործընթացում:
«Մանկավարժական պրակտիկայի ընթացքում ուսանողների կոմպետենտության զարգացումը պայմանավորված է նրանց ռեֆլեքսիվ, թիմային աշխատանքի և համագործակցության կոմպետենցիաների զարգացման մակարդակով»,-նշեց Վահան Սարգսյանն ու եզրակացրեց որ վերոնշյալ գործընթացում անհրաժեշտ է հոգեբանական ուղեկցություն և ներքին կապերի ու բաղադրիչների բացահայտում:
Հումանիտար գիտությունների III մասնաճյուղում համանախագահները ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, բանասիրական գիտ. դոկտոր, պրոֆեսոր, հայ գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Աելիտա Դոլուխանյանն ու Հայոց պատմության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մհեր Կարապետյանն էին:
Գավառի պետական համալսարանի ռեկտոր, իրավաբանական գիտությունների դոկտոր, դոցենտ Ռուզաննա Հակոբյանը «Սոցիալական պատասխանատվության ինստիտուտը և դրա նշանակությունը» թեմայով զեկույցում կարևորեց պատասխանատվությունը`որպես սոցիալական ինստիտուտի բաղադրիչ:
Վերջինս նշեց, որ սոցիալական պատասխանատվությունը հասարակության ու պետության գոյության և կենսագործունեության օբյեկտիվ անհրաժեշտությամբ պայմանավորված իրողություն է.«Այն ապահովում է անձանց կողմից հասարակական համակեցության կանոնների, բարոյական արժեքային կողմնորոշումների և սկզբունքների, իրավական նորմերի պահանջների կատարումը և դրանով իսկ համադրում անհատական, խմբակային, հանրային և պետական շահերը»:
Նույն մասնաճյուղի հաջորդ զեկուցող, Հայոց պատմության ամբիոնի հայցորդ Կարո Ժամխարյանը ներկայացրեց «Սիրիահայ համայնքի կրթական հաստատությունները 1920-ական թթ» թեմայով զեկույցը: Վերջինս խոսեց 1920-ական թվականներին Սիրիայում Հայ Առաքելական եկեղեցու եւ համայքնի հովանու ներքո բացված ազգային վարժարանների, Հայ Կաթողիկե, Հայ Ավետարանական դպրոցների հիմնադրման և գործունեության մասին:
«1920-ական թվականերին Սիրիայում հայկական դպրոցների հիմնումը կարևոր նախապայման էր կրթական գործի կազմակերպման և նրա հետագա զարգացման համար: Հայկական դպրոցներն ու եկեղեցիները հայապահպանության առաջնահերթ կռվաններն էին: Այս երկու կառույցների արդյունքում էր գոյավորվում ազգային կյանքը»,- հավելեց բանախոսը:
«Ղազարոս Աղայանին նվիրված հուշագրությունների լեզվաոճական մի քանի դրսևորումներ» թեմայով զեկույցը ներկայացրեց Հայոց լեզվի և տարրական ուսուցման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, բանասիր. գիտ. թեկնածու, դոցենտ Աշոտ Գալստյանը:
Լեզվաբանը նշեց, որ այդ հուշագրություններում գրողը կերպարանագծվում է տարբեր բնութագրիչներով`երախտավոր ուսուցիչ, մանուկների բարեկամ, ուղղախոս, լեզվաբան, հաղթանդամ, ներողամիտ, իր հակառակորդին ձեռք մեկնող:
«Աղայանը մի ամբողջ սերնդի համար գնահատության չափանիշ է: Նրան նվիրված հուշային դիմանկարները հուշագրության մի տեսակ են և ունեն լեզվաոճական յուրահատուկ կառուցվածք: Առանձնապես տպավորիչ են զրույցների վերաքաղությունները, որոնք ունեն բանասիրական-աղբյուրագիտական արժեք: Նրա մասին հուշագրություններում առավելաբար գերիշխում է բնութագրական խոսքը»,-հավելեց Աշոտ Գալստյանը:
Նշենք, որ այս մասնաճյուղում զեկուցողներն անդրադարձան նաև հայ միջնադարյան գրականության մեջ անտիկ և աստվածաշնչային իմաստախոսություններին, արևմտահայերի ազգային սահմանադրությանը նոր մեկնաբանությամբ, ռուսերեն դասավանդող մասնագետներ պատրաստելու հայեցակարգին,ինչպես նաև ավագ դպրոցներում անգլերենի դասավանդման խնդիրներին: