Սկզբնական կրթության ֆակուլտետի շուրջ 40 ուսանող տարեմուտի շեմին ամփոփեցին «Կամավորական գործունեությունը կրթության ընթացքում» ծրագրի աշխատանքի արդյունքները:

Դեռևս նախորդ տարվա փետրվարին ֆակուլտետը համագործակցության հուշագիր էր կնքել Երևանի և ՀՀ մարզերի մի շարք կրթական հաստատությունների, հասարակական կազմակերպությունների հետ, որը նպատակ ուներ կամավորական աշխատանքի միջոցով բարձրացնել կրթության որակը, զարգացնել ուսանողների մասնագիտական կարողությունները, կյանքի կոչել և բուհում իրագործել Բոլոնիայի հռչակագրի որոշ դրույթներ:
«Սկզբնական կրթության ֆակուլտետի բոլոր մասնագիտությունների գծով սովորող ուսանողներին կամավորական գործունեություն ծավալելու հրաշալի հնարավորություն էր ընձեռված:
Պիլոտային ծրագրի հաջողությունը նպաստել է ուսումնական հաստատությունների թվի ավելացմանը. մեր ուսանողները փորձառություն են ձեռք բերում հանրապետության լավագույն ուսումնական հաստատություններում, որտեղ ներդրված են մանկավարժության այլընտրանքային տեխնոլոգիաները»,- armspu.am-ի հետ զրույցում ասաց Սկզբնական կրթության ֆակուլտետի դեկանի գիտության և հետբուհական կրթության գծով տեղակալ Լուսինե Պողոսյանը:

Վերջինս վստահ է` ծրագիրը նպաստում է կրեդիտային համակարգում սովորողների ակտիվության և ինքնուրույնության լրացմանն ու օգնում աշխատաշուկայում շրջանավարտների մրցունակությանը:
Ֆակուլտետի ուսանողուհի Մարիետա Սահակյանն արդեն երկրորդ տարին է` կամավոր հիմուքնով դասավանդում է դպրոցում:
Եղիշե Չարենցի անվան №67 դպրոցում դասավանդել է մայրենի, մաթեմատիկա, ձեռնարկչություն և այլ առարկաներ: Համալսարանում ստացած տեսական գիտելիքներն ու դպրոցում ձեռք բերած փորձը նրան վստահություն են տվել`կրկնապատկելով սերը մասնագիտության հանդեպ:
Դժվարությունների հանդիպել է, սակայն մեթոդիստների և վերլուծությունների միջոցով հաղթահարել է ծառացած մանկավարժական խնդիրները. «Մանկավարժահոգեբանական բնույթի թեմատիկ նյութերի, խաղերի, ցուցանակների, սիրված մուլտհերոսների միջոցով տարրական դասարաններում անցկացրած դասերն արդյունավետ եմ համարում: Թղթե խնձորի ծառի միջոցով աշակերտներին սովորեցրել եմ լուծել մաթեմատիկական հաշվարկներ»,- հավելեց Մարիետա Սահակյանը:
Սկզբնական կրթության ֆակուլտետի դասախոս, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Սվետլանա Իսկանդարյանը մեթոդաբանական խորհրդատվություն է անցկացնում

կամավորական պրակտիկայում ընդգրկված ուսանողների հետ:
Այն, որ ծրագիրն արդյունավետ է երկուստեք`ինչպես ուսանողի, այնպես էլ դպրոցում աշխատող ուսուցչի համար, չի կասկածում. «Ուսանողները կամավորական պրակտիկայի ժամանակ խորացնում են իրենց գիտելիքները, երբեմն լուծում նաև աշխատանքի հարցը: Պրակտիկա ծավալելու ժամանակ մեր ուսանողները լիովին ավարտած չեն լինում մեթոդական դասընթացները, իսկ մեթոդիստների հետ աշխատանքն օգնում է լրացնել այդ բացն ու աջակցել ուսանողներին`ինչպես դիդակտիկ նյութերի պատրաստման, այնպես էլ աշխատանքի ընթացքում լավ արդյուքների հասնելու գործում»:


