Այսօր Պատմության և իրավագիտության ֆակուլտետում ամփոփվեցին «Հայոց կրթության հիմնախնդիրները զարգացման տարբեր փուլերում» խորագիրը կրող երկօրյա գիտաժողովի

աշխատանքները:
Այն կազմակերպել էր ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերությունը և նվիրված էր Մանկավարժական համալսարանի հիմնադրման 90-ամյակին:
Տարբեր զեկուցումներով ուսանողներն անդրադարձան հայոց կրթական համակարգի հիմնախնդիրներին զարգացման տարբեր փուլերում՝ սկսած հայագիր դպրոցի հիմնադրումից մինչև ներկա ժամանակները:
Պատմություն և իրավագիտություն բաժինների 3-րդ, 4-րդ կուրսերի և մագիստրատուրայի ուսանողներն անդրադարձան Վենետիկի Մխիթարյանների հայագիտական դպրոցին, Մոսկվայի Լազարյան ճեմարանին, Գլաձորի և միջնադարյան հայկական համալսարաններին, 19-րդ դարի հայ մանկավարժների աշխատություններում կանանց կրթության հարցերին:
Առանձին զեկուցումներով ուսանողները ներկայացրին ինչպես միջնադարյան Հայաստանում դասավանդվող առարկաները, ուսուցման դերն ու մեթոդները, այնպես էլ Հայաստանի Առաջին Հանրապետության կրթական համակարգը, ներկայիս կրթական իրավահարաբերությունները, կրթական օրենսգիրքն ու համակարգի խնդիրները:

Պատմության և իրավագիտության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Էդիկ Գևորգյանը շատ է կարևորում նման գիտաժողովների անցկացումը՝ ընդգծելով, որ դրանք ուսանողին մղում են դեպի գիտահետազոտական ինքնուրույն աշխատանք:
Դեկանը կարևորեց նաև այն, որ հայոց կրթության հիմնախնդիրներին անդրադարձող գիտաժողովը կնպաստի ոչ միայն ուսանողների մասնակցությամբ գիտական, ուսումնական աշխատանքների ճիշտ կազմակերպմանը, այլև կխթանի հայագիտության զարգացմանը:
Էդիկ Գևորգյանը շնորհակալություն հայտնեց ուսանողներին, գիտական ղեկավարներին և հատկապես ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերությանը՝ գիտաժողովը կազմակերպելու համար:
Գիտաժողովի բոլոր զեկուցող մասնակիցները ստացան մասնակցության հավաստագրեր: