ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Տոնական ծառ գրքերից
19.12.2012
Մանկավարժական համալսարանի Կրթության զարգացման և որակի ապահովման վարչության նախաձեռնությամբ և Ուսանողական խորհրդի աջակցությամբ կազմակերպված ձեռնարկի ընթացքում բուհի անձնակազմի և ուսանողների նվիրաբերած տարբեր ժանրերի գրքերից պատրաստվեց տոնական յուրատեսակ ծառ:
«Նախաձեռնությունն ուղղված էր մեր օրերում տպագիր գրքի ընթերցման խրախուսմանն ու գիտելիքի կարևորմանը: Գիրքն արդեն իսկ խորհրդանշում է գիտելիք, իսկ ընթերցանությունը գիտելիքահեն հասարակության կայացման կարևորագույն բաղադրիչն է: Հասարակության քաղաքական, տնտեսական և սոցիալական զարգացման համար անհրաժեշտ են կրթված ուսանողներ և երիտասարդներ»,-նշեց Միջազգային համագործակցության բաժնի պետ Քրիստինա Ծատուրյանը:
Բարեգործական նպատակով արդեն իսկ հավաքվել է շուրջ 300 գիրք: Հունվարի 28-ին`Հայոց բանակի օրը գրքերը կփոխանցվեն որևէ զորամասի:
Տոնական ծառի պատրաստման ընթացքում ներկաներին իրենց պարային և երաժշտական կատարումներով տոնական շունչ հաղորդեցին Կուլտուրայի ֆակուլտետի ուսանողները, իսկ Գեղարվեստական կրթության ֆակուլտետի ուսանող Յուրա Աբրահամյանն իր վրձնով պատկերեց կատարվածը:
Նշենք, որ ձեռնարկը շարունակվում է. բոլոր ցանկացողները մինչև հունվարի 28-ը կարող են նվիրաբերել առնվազն մեկ գիրք:
Այս միջոցառմամբ մանկավարժական համալսարանում ևս մեկ անգամ արժևորվեց գրքի դերակատարումը սերունդների կրթության և դաստիարակության գործում: