ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ամենաընթերցասեր ուսանողներն արժանացան պարգևների
20.12.2012
Արդեն երրորդ տարին է, ինչ Մանկավարժական համալսարանում անցկացվում է «Լավագույն ընթերցող» մրցանակաբաշխությունը:
Շուրջ 17.000 ընթերցողներից ընտրվել են համալսարանի յուրաքանչյուր ֆակուլտետի մեկական ուսանող և հենակետային վարժարանի մեկ աշակերտ, որոնք ընթացիկ տարվա հունվար-նոյեմբեր ամիսներին ցուցաբերել են ամենաբարձր ցուցանիշ՝ գրադարանից օգտվելով 100-ից ավելի անգամ:
Միջոցառումը մեկնարկեց տերունական աղոթքով:
Հաղթողներին շնորհավորեցին և մրցանակներն ու վկայականները հանձնեցին ֆակուլտետների դեկանները:
Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի Լիլիթ Կարապետյանը գրադարանի տպագիր միավորից օգտվել է 230 անգամից ավելի և գերազանցել բոլոր ֆակուլտետների ընթերցասեր ուսանողներին:
Լիլիթ Կարապետյանը խոստովանում է՝ չնայած էլեկտրոնային գրականության առավելություններին, կարևորում և նախընտրում է գրքի հետ կենդանի շփումը:
Ամենաընթերցասեր ուսանողներին շնորհավորեց նաև համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը: Կարևորելով գրքի դերը մարդու, հատկապես ապագա մանկավարժի մասնագիտության համար, բուհի ռեկտորը տեղեկացրեց, որ Մանկավարժական համալսարանում շուտով կբացվի հագեցած ու գերժամանակակից ևս երկու ընթերցասրահ և քայլեր կձեռնարկվեն էլեկտրոնային գրականություն ունենալու համար:
Բուհի ռեկտորը հաղթող ուսանողներին պարգևատրեց նաև Աղավնաձորում 4-օրյա հանգիստ անցկացնելու հնարավորությամբ և այլ նվերներով:
Միջոցառմանը ներկա էր նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ճարտարապետական բաժնի գլխավոր ճարտարապետի քարտուղար Արթուր սարկավագ Արամյանը: «Մտնելով ընթերցասրահ՝ ցնցվեցի տեսնելով գրքի հանդեպ եղած խնամքը, որն ամենամեծ շարժիչ ուժն է 21-րդ դարի երիտասարդին դեպի գիրքը մղելու համար»,-նշեց հոգևորականը՝ ավելացնելով, որ կոնկրետ իր համար գրքի հոտն ու տեսքն անփոխարինելի գրավչություն են:
Ձեռնարկի այս տարվա նորամուծությունն այն էր, որ առաջին անգամ ընտրվեցին նաև «Ամենաընթերցված հեղինակներ»-ը: Ուսանողներն ամենից շատ՝ 21.000 անգամ գրադարանում օգտվել են հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Ալբերտ Նալչաջյանի, իսկ 10.000 անգամ մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսորի պաշտոնակատար Հայկ Պետրոսյանի գրքերից:
Շուրջ 14 հեղինակային գիրք ունեցող Հայկ Պետրոսյանի համար ստացած վկայականը պարտավորեցնող է, քանի որ ձգտում է բավարարել ժամանակակից ուսանողի հետաքրքրություններն ու նրա դատին հանձնել նոր ուսումնական ձեռնարկներ:
Գիտական գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանցը ներկաներից շատերին շնորհեց գրադարանի պատվո ընթերցողի տոմսեր: