Մանկավարժական համալսարանի հիմնադրման 90-ամյակի շրջանակում Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի Ֆիզիկական աշխարհագրության ամբիոնը

կազմակերպել էր «Լեռնային տարածաշրջանները (գեոհամակարգերը) որպես բնակության էքստրեմալ միջավայր» ընդհանուր խորագրով գիտագործնական նստաշրջան, որի նախագահությունը ստանձնեց Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի դեկան Սվետլանա Հովակիմյանը:
Գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Կամո Վարդանյանը, ողջունելով ներկաներին, մաղթեց գիտական մեծ մտքերի, գաղափարների, հակասությունների մեկնաբանում և առողջ բանավեճ.«Մանկավարժականը միշտ էլ կարևորել է գիտական նստաշրջանների անցկացումը: Այդ են վկայում նաև 90-ամյակի առթիվ բուհում անցկացված բազմաթիվ գիտաժողովները: Գիտական նստաշրջանում ընդգրկված բոլոր զեկույցները խիստ կարևոր են, արդիական և ունեն գիտական նշանակություն»,-հավելեց նա:
Տնտեսագիտության և նրա դասավանդման մեթոդիայի ամբիոնի վարիչ Մաքսիմ Սարգսյանը, Պատմության և իրավագիտության ֆակուլտետեի դեկան Էդիկ Գևորգյանը ևս կարևորեցին գիտաժողովի անցկացումը:

Վերջինս ցավով նկատեց, որ սովորող երիտասարդների հետաքրքրությունն այդ գիտության նկատմամբ նվազել է. «Բնությունն իր անսպառ պաշարներով տալիս է մեզ ապրելու հնարավորություն: Աշխարհագրությունը գիտությունների մեջ ամենակիրառականն է, իսկ հատկապես հայի համար ունի ռազմավարական մեծ նշանակություն:
Մանկավարժականում այսօր աշխատում են այդ ոլորտի հանրապետության լավագույն մասնագետները, որոնք նման նստաշրջաններով և իրենց գործունեությամբ մեծացնում են հետարքրությունը գիտության այս ճյուղի նկատմամաբ»:
Աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Կարապետյանը, ներկայացրեց «Լեռնային տարածքների տնտեսական օգտագործման ռիսկային առանձնահատկությունները, դրանց կանխատեսման և կառավարման հիմնախնդիրները» ( ՀՀ օրինակով):
Աշխարհագրագետն իր զեկույցում ընդգծեց. «Պետք է առանձնացնել ընդունելի, զրոյական և գերռիսկ հասկացությունները:

Կարևոր է նաև տեղական, ռեգիոնալ և գլոբալ ռիսկերի դասակարգումն ըստ ծագման, արտահայտման մասշտաբների և պատճառած վնասների: Լեռնային տարածքների համար կարևոր է ոչ միայն փաստել ռիսկի հետևանքները, այլ դրանց կանխատեսմամբ հնարավորինս կառավարելի դարձնել այդ ռիսկերը»:
Գևորգ Կարապետյանն առաջարկեց ռիսկերը գնահատելիս հաշվի առնել յուրաքանչյուր ռեգիոնի էթնոմշակության և սոցիալ-տնտեսական իրավիճակը, դրանց հարաբերակցությունը, ինչպես նաև բնակչության պաշտպանվածության աստիճանը:
«Երկիր մոլորակի արդի էկոլոգիական բնութագիրը, դրական և բացասական միտումները ՄԱԿ-ի Ռիո+20 գագաթաժողովի տեսանկյունից» թեմայով զեկույցում աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կարինե Դանիելյանը նկատեց` Երկիր մոլորակը էկոլոգիական ճգնաժամ է ապրում. բումերանգի նման այն կրկնակի հետ է վերադարձնում մարդու կողմից դեպի Երկիր նետածը:

Ոլորտի առաջատար մասնագետը կարևորեց պետության դերակատարումը էկոլոգիական խնդիրների լուծման գործում, հորդորեց փոխել վերաբերմունքը էկոլոգիայի նկատմամամբ, պայքարել վտանգների դեմ` այդկերպ խուսափելով էկոլոգիական մոլորակի չեզոքացումից:
«Քացրահամ ջրի պաշարները, ջրային օբյեկտների ռացիոնալ օգտագործման և պահպանության հիմնախնդիրները ՀՀ-ում» թեմայով զեկույցում աշխարահագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Բորիս Մնացականյանը պատկերային ներկայացմամբ անդրադարձավ երկրագնդի ջրի պաշարներին, 2012 թվականի տվյալներով ՀՀ ջրային ռեսուրսների կառուցվածքին, օգտագործելի ջրային, ռազմավարական ջրային ռեսուրսներին, ռազմավարական և ազգային ջրային պաշարներին:
Աշխարահագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Խոյեցյանը ներկայացրեց «Լանդշաֆտների դեգրադացիայի և անապատացման միտումները և դրանց մեղմման հինախնդիրները ՀՀ-ում»թեմայով զեկույցը:
Նա անդրադարձավ Լանդշաֆտների դեգրադացման և անապատացման գլոբալ կոնցեպցիաների փիլիսոփայականասպեկտներին,

բնական և սոցիալական մեխանիզմներին, ՀՀ-ում դեգրադացման և անապատացման պարադիգմայի առանձնահատկություններին, ժամանակակից լանդշաֆտային գոտիների արիդայնության միտումներին և դրանց գնահատմանը:
Գիտական նստաշրջանի աշխատանքներն ամփոփեցին աշխարհագրական գիտությունների թեկնածու Ներսես Սամվելյանն ու գյուղատնտեսական գիտությունների թեկնածու Սամվել Կրոյանը: Վերջիններս ներկայացրին «ՀՀ կենսաաշխարհագրական առանձնահատկությունները և կենսաբազմազանության պահպանման ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով զեկույցը:
Մասնագետներն անդրադարձան նաև պահպանվող տարածքների ներկա վիճակին` առաջակելով ընդլայնել դրանք և անհրաժեշտության դեպքում վերանայել կարգավիճակները:



