ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Խրախուսվում են լավագույն ուսանողները
24.12.2012
Մանկավարժական համալսարանը շարունակում է խրախուսել բարձր առաջադիմություն և համալսարանական կյանքում ակտիվ մասնակցություն ունեցող լավագույն ուսանողներին:
Այսօր բուհի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը խրախուսական պարգևներ և համալսարանի 90-ամյակը խորհրդանշող հուշանվերներ հանձնեց բոլոր ֆակուլտետների լավագույն ուսանողներին (թվով 60):
Ռեկտորը ուսանողների հետ զրույցում կարևորեց համալսարանում կատարվող բարեփոխումները, կազմակերպված միջոցառումները, որոնք էլ ավելի հետաքրքիր ու արդիական են դարձնում ուսանողի առօրյան:
Ուսանողները նախ շնորհակալություն հայտնեցին ռեկտորին վերջինշրջանում համալսարանում կատարվող փոփոխությունների, նորամուծությունների համար՝ ընդգծելով, որ դրանց արդյունքներն արդենիսկ ակնհայտ և շոշափելի են:
Ապա ուսանողները իրենց հետաքրքրող հարցերը տվեցինռեկտորին.դրանք հիմնականում վերաբերում էին շրջանավարտների՝ ավարտելուց հետո աշխատանք գտնելուն:
Ի պատասխան՝ ռեկտորը շեշտադրեց, որ օտար լեզվի իմացությունը կնպաստի տարբեր ոլորտներում կարևոր ձեռքբերումներ ունենալու և բազմապիսի փոխանակման ծրագրեր իրականացնելու համար:
«Բուհի և ուսանողի խնդիրը մեկն է՝ ավարտելուց հետո գտնել մասնագիտությանը համապատասխան աշխատանք: Ներկայումս կատարվող բարեփոխումները ուղղված են նրան, որ տարիներ անց հատկապես մեր շրջանավարտը հետաքրքրի գործատուին»,-նշեց Ռուբեն Միրզախանյանը՝ ևս մեկ անգամ հիշեցնելով, որ այս տարվա առաջին կուրսի ուսանողներն ավարտելիս պարտադիր պետք է տիրապետեն մեկ օտար լեզվի:
Շնորհավորելով գալիք Ամանորն ու Սուրբ ծնունդը՝ ռեկտորը բոլոր ուսանողներին մաղթեց լուրջ ու կարևոր ձեռքբերումներ տարբեր ոլորտներում և ընդգծեց, որ նրանք նույնպես կարող են ունենալ գործուն մասնակցություն համալսարանում կատարվող փոփոխություններին և աջակցել նոր գաղափարների իրագործմանը:
Նշենք, որ տոների նախաշեմին համալսարանի ղեկավարությունը բոլոր ֆակուլտետների համար կազմակերպել է ժամանցային միջոցառում և հյուրասիրություն: