ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Բացառիկ ցուցահանդես
24.12.2012
Հայաստանի Նկարիչների միության շենքում բացվեց Մանկավարժական համալսարանի հիմնադրման 90- ամյակին նվիրված աննախադեպ ցուցահանդես:
Նկարիչների տան բոլոր ցուցասրահներում ցուցադրված էին Մանկավարժական համալսարանի Գեղարվեստական կրթության ֆակուլտետի նկարչական բաժնի հիմնադիրների, այսօրվա դասախոսների, շրջանավարտների եւ ուսանողների աշխատանքները:
Ցուցահանդեսում ներկայացված էր ընդհանուր առմամբ մոտ 300 աշխատանք` գեղանկար, գրաֆիկա, քանդակ, գոբելեն,դեկորատիվ կիրառական արվեստի, հոգուստի մոդելավորման, դիզայնի, խեցեգործության նմուշներ, փայտյա իրեր եւ մետաղյա զարդեր:
Միջոցառմանը ներկա էին բուհի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը, ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Ազգային պատկերասրահի տնօրեն, ժողովրդական նկարիչ, պրոֆեսոր Փարավոն Միրզոյանը, վաստակավոր նկարիչ Լևոն Կոջոյանը և արվեստասեր հասարակության ներկայացուցիչներ:
ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ողջունելով ներկաներին, նշեց, որ այս ցուցահանդեսը բուհի հոբելյանական միջոցառումների զարդանախշն է:
«Մենք մշտապես խոսում ենք գիտելիքի կարևորության և գիտելիքահեն հասարակության մասին: Գիտելիքը միայնակ, մերկ և անիմաստ զենք է մարդու ձեռքերում, որը չունի բարձր արժեք:
Մշակույթը և կրթություն նույն շքանշանի երկու երեսն են. կարծում եմ` կիրթ մարդը միաժամանակ պետք է ունենա նաև մշակութային դաստիարակություն: Դժվար է բաժանել մշակույթը և կրթությունը, գիտելիքը և արժեքը.դրանք մեկը մյուսով են ապրում և ստանում իրենց երկրորդ շունչը: Ուրախ եմ, որ կրթական հաստատություններից մեկը`Մանկավարժական համալսարանը, որը նաև մշակութային կրթօջախ է, հասարակությանն է հրամցնում մեր վաստակաշատ նկարիչների և մեծ հեռանկար ունեցող ուսանողների աշխատանքները»,-հավելեց Արմեն Աշոտյանը:
Արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Արկադի Շեկունցը ընդգծեց, որ գեղագիտական կրթությունը մարդու բազմակողմանի զարգացման կարևորագույն օղակներից է, և պատական չէ, որ դեռևս դարեր առաջ նկարչությունն այն երեք առարկաներից էր, որը դասավանդվել է Սանահինի, Տաթևի և Գլաձորի համալսարաններում. Մանկավարժականը ևս մեծ տեղ է հատկացրել արվեստին` կրթելով արվեստի տարբեր ոլորտների մասնագետներ:
Վաստակավոր նկարիչ Լևոն Կոջոյանն էլ իր խոսքում ընդգծեց, որ Հայաստանում տաղանդավոր երիտասարդները շատ են: Վարպետը կարևորեց նախկին ավանդույթի վերականգնումը, երբ նույն սրահում վարպետների կողքին ցուցադրվում են նաև նրանց աշակերտների ստեղծագործությունները:
Նշենք, որ միջոցառումը համընկել էր նաեւ նկարչական բաժնի հիմնադրման 50 -ամյակի հետ: Ցուցադրվեցին նաև այդ բաժնի հիմնադիր, հանրապետությունում լայն ճանաչում ունեցող նկարիչ-մասնագետներ Կարապետ Մինասյանի, Հովհաննես Զարդարյանի, Ղուկաս Չուբարյանի, Էդուարդ Իսաբեկյանի, Հովհաննես Հարությունյանի, Վահրամ Խաչիկյանի, Սուրեն Սաֆարյանի, Տիգրան Սիմոնյանի աշխատանքները:
Հայաստանի Նկարիչների միության առաջին հարկի ցուցասրահում անվանի վարպետների աշխատանքներից զատ, ներկայացված էին նաև գործող դասախոսների կտավները,իսկ երկրորդ հարկում ցուցադրված էին Մանկավարժական համալսարանի շրջանավարտների եւ ուսանողների գործերը:
Այսօր երիտասարդ նկարիչների կողքին Մանկավարժական համալսարանում աշխատում են ժողովրդական նկարիչ Զախար Խաչատրյանը եւ վաստակավոր նկարիչ Լեւոն Կոջոյանը, որոնց աշխատանքները ևս ցուցադրվեցին:
Ցուցահանդեսը կշարունակվի մինչև դեկտեմբերի 27-ը: