ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Պարգևատրվեցին մեդալով
25.12.2012
Այսօր Մանկավարժական համալսարանում էին բուհի շրջանավարտ Ավստրիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Կիրակոսյանը և նախկին աշխատակից, ՀՀ ԳԱԱ իսկական անդամ Վանիկ Զաքարյանը: Մանկավարժական համալսարանը նրանց պարգևատրեց համալսարանի հիմնադրման 90-ամյակի հոբելյանական ոսկեզօծ մեդալով:
Ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը մեծ պատիվ համարեց հյուրերի ներկայությունը բուհում. «Ցանկացած համալսարանի որակը որոշվում է այնտեղ դասավանդող մասնագետներով և շրջանավարտներով: Հպարտ եմ, որ Վանիկ Զաքարյանը, լինելով Մանկավարժականի ուսումնական աշխատանքների գծով նախկին պրոռեկտոր, այսօր էլ իր աշխատակիցների կողմից շարունակում է վայելել մեծ սեր և հեղինակություն»:
Դիմելով Արման Կիրակոսյանին` ռեկտորը հավելեց. «Ի դեմս Ձեզ` մենք ունենք շրջանավարտ, որն իր ամենօրյա լարված աշխատանքով, բարձր ամբիոններից պաշտպանում է մեր երկրի շահերն ու հետաքրքրությունները»:
Վանիկ Զաքարյանը, շնորհակալություն հայտնելով Ռուբեն Միրզախանյանին, նկատեց. «Հոբելյանական այս մեդալն ինձ համար շատ թանկ է: Չնայած արդեն տևական ժամանակ է` չեմ աշխատում այստեղ, սակայն կապը համալսարանի հետ, իմ լավագույն կարծիքն ու վերաբերմունքը Մանկավարժականի մասին պահպանվում է»:
ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Կիրակոսյանը մեծ պատիվ համարեց Մանկավարժականում ուսումնառության 7 տարիները, խոստանալով իր գիտական և մանկավարժական ներդրումն ունենալ բուհի զարգացման գործում: «Մանկավարժականում միշտ էլ փայլուն մասնագետներ են աշխատել: Նկատելի է այն, որ համալսարանի նոր ռեկտորը պահպանում է բուհի ավանդույթներն ու միաժանական զարգացման նոր փուլ ապահովում»:
Ռուբեն Միրզախանյանը չթաքցրեց`համալսարանն ուրախ կլինի Վանիկ Զաքարյանին և Արման Կիրակոսյանին տեսնել դասավանդողի կարգավիճակում.«Բուհը որակական, կադրային լուրջ և դրական փոփոխություններ է կրում: Ուսանողների և հատկապես մագիստրոսների համար չափազանց կարևոր է դասախոսական նոր որակի առկայությունը: Ի վերջո, հենց մեր բուհով է պայմանավորված ազգային դպրոցի վաղվա ապագան»:
Հանդիպման ընթացքում դեսպանը բուհին հանձնեց Միքայել Թումանյանի` «Հայաստանի Հանրապետության դիվանագիտության պատմությունը»գիրքը: Ավարտին հյուրերը շրջեցին համալսարանում, եղան բուհի նորաբաց թանգարանում: