Գեղարվեստական կրթության ֆակուլտետն իր երկօրյա միջոցառումներով կարծես ազդարարեց համալսարանի հոբելայանական տարվա ավարտը:

Նախօրեին բացված ցուցահանդեսին հաջորդեց Արամ Խաչատրյանի անվան տուն-թանգարանում կայացած համերգը, որին մասնակցում էին ինչպես դասախոսները, այնպես էլ շնորհաշատ ուսանողները:
Համերգին ներկա էին բուհի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը, Գեղարվեստական կրթության ֆակուլտետի դեկան Սարգիս Էլբակյանը, դասախոսներ, ուսանողներ և երաժշտասեր հասարակության ներկայացուցիչներ:
Համերգը մեկնարկեց ֆակուլտետի իգական երգչախմբի կատարմամբ՝ Արտաշես Բաբուրյանի խմբավարությամբ:

Համերգի ընթացքում հնչեցին Ջոակինո Ռոսսինիի «Կատուներ», Առնո Բաբաջանյանի «Հայկական ռապսոդիա», Յոհաննես Բրամսի «Վալս» և դասական այլ հանրահայտ ստեղծագործություններ, ինչպես նաև հեղինակային կատարումներ, զուգերգեր: Ֆակուլտետի ջութակահարների անսամբլը նույնպես իր կատարումներով շնորհավորեց բուհի տարելիցն ու ներկաների գալիք Ամանորը:
Հանդիսատեսին ողջունեց նաև Գեղարվեստական կրթության ֆակուլտետի դեկան Սարգիս Էլբակյանը, ով միջոցառումը համարեց հոբելայանական միջոցառումների վերջին ակորդը:
Վերջինս խոսեց նաև 2012 թվականին բուհի ձեռբերումների մասին՝ գիտական կոնֆերանսների, միջազգային գիտաժողովների և նոր համագործակցություններ կողքին ընդգծելով հատկապես մշակութային նախաձեռնությունների կարևորությունը:


