ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ամանորյա միջոցառում Մանկավարժականում
26.12.2012
Սկզբնական կրթության ֆակուլտետի Ուսանողական խորհուրդը Կուլտուրայի ֆակուլտետի դահլիճում կազմակերպել էր ամանորյա հեքիաթային տոնակատարություն:
Դահլիճում թևածող երգն ու պարը, ամանորյա մաղթանքներն ու բանաստեղծությունները բարձրացրին ներկաների տրամադրությունը՝ նոր շունչ հաղորդելով նախատոնական լարված օրերին:
Միջոցառման ընթացքում ուսանողները ներկայացրեցին Իտալիայում, Ֆրանսիայում, Չեխիայում, Բուլղարիայում Նոր տարին անցկացնելու, նվերները մատուցելու ձևերը, ապա հանգամանորեն անդրադարձան նաև տարբեր ժամանակներում հայերի՝ Նոր տարին նշելու ձևերին:
Ուսանողներից յուրաքանչյուրն իր մաղթանքները հղեց ոչ միայն ներկաներին, այլև ողջ աշխարհին՝ մաղթելով խաղաղ երկինք, նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ:
«Այս միջոցառումը ներկայացրեց գեղագիտական դաստիարակություն, ձեռնարկչություն, երաժշտություն և տեխնոլոգիա առարկաների շրջանակում ուսանողների տեսական և պրակտիկ գիտելիքների ցուցանիշը»,- նշեց Սկզբնական կրթության ֆակուլտետի դեկան Հեղինե Խաչատրյանը՝ նշելով, որ հիացած է միջոցառմամբ և ուսանողների մանկավարժական կարողություններով:
Միջոցառմանն իրենց մասնակցությունն էին բերել նաև Կենտրոն վարչական շրջանի համար 5 մանկապարտեզի սաները. վերոնշյալ մանկապարտեզում ֆակուլտետի ուսանողներն անցկացրել են իրենց մանկավարժական պրակտիկան:
Միջոցառումն ուղեկցվում էր ֆակուլտետի ուսանողների պատրաստած ամանորյա զարդարանքների, հուշանվերների ցուցադրությամբ: Ի դեպ, ցուցադրության ավարտից հետո ուսանողները դրանք նվիրելու են իրենց դասախոսներին և կուրսընկերներին:
Սկզբնական կրթության ֆակուլտետի դեկան Հեղինե Խաչատրյանը նշեց, որ այս միջոցառման մեջ մեկտեղված էր նրանց ուսումնական գործընթացի տեսական և պրակտիկ գիտելիքների ցուցանիշները: