ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մանկավարժականում էր ՀՀ սփյուռքի նախարարը
26.12.2012
Այսօր Մանկավարժական համալսարանը հյուրնընկալել էր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին: Բուհի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը, ողջունելով հյուրին, նախարարին պարգևատրեց համալսարանի հիմնադրման 90-ամյակը խորհրդանշող մեդալով:
Հրանուշ Հակոբյանը, շնորհավորելով բուհի հիմնադրման 90-ամյակը, ընդգծեց.«Մանկավարժականը փառահեղ ձևով նշեց իր հոբելյանը: Մարդու գլխավոր դաստիարակն իր ընտանիքն է.իմ ծնողները հենց այս բուհի շրջանավարտներն են:
Ծնողներիս կրթությունն անմիջականորեն ազդել է նաև իմ ճակատագրի վրա: Չլինելով Մանկավարժականի շրջանավատ` ես այն համարում եմ իմ գոյության, դաստիրակության և կրթության կարևորագույն օջախը:
Դեռևս վաղ տարիքում հիշում եմ այն մանկավարժներին, ովքեր դասավանդում էին այստեղ: Խոնարհվում եմ բոլոր ժամանակների մանկավարժների առաջ`իրենց ծավալած հայանպաստ գործունեության համար»:
Նախարարը խոսեց երիտասարդ նախարարության ստեղծման, հայկական սփյուքի հիմնախնդիրների, առանձնահատկությունների, սփյուքահայերի հոգեբանական խնդիրների մասին:
Վերջինս, անդրադառնալով նախարարության աշխատանքին, քաղաքականությանն ու ռազմավարությանը, նշեց.«Սփյուքի նախարարության ստեղծմանն ի սկզբանե դեմ էի, սակայն ժամանակի ընթացքում հասկացա Հայաստան-Սփյուռք փոխհարաբերությունների առանցքում դրա հայապահպանական, մշակութային, կրթական կարևորությունը:
Այն 60 երկրներում գործող նախարարություններից ամենաերիտասարդն է, որի ռազմավարական նպատակներից է լուծել սփյուռքում հայապահպանության խնդիրները, օգտագործել սփյուռքի ներուժը Հայաստանի հզորացման և զարգացման գործում, ինչպես նաև մշակել հայրենադարձությանն ուղղված ծրագրեր»:
«Իմ Հայաստան» փառատոն, «Սփյուռք» ամառային դպրոց, «Արի տուն», համահայկական մասնագիտական համաժողովներ եւ այլն.Հրանուշ Հակոբյանը թվարկեց այն ծրագրերն ու հետազոտությունները, որոնք իրականացրել է նախարարությունը:
Վերջինս կարևորեց երկքաղաքացիության ինստիտուտի կայացումը, ինչպես նաև հայկական լոբբիի գործոնը համահայկական նշանակության երկու հիմնահարցերի` Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման և Հայոց ցեղասպանության ճանաչման գործում:
«Սփյուռքն ավելի է համախմբվում հայրենիքի շուրջ, սփյուռքահայերը ձգտում են դեպի հայրենիք`Հայաստանը դարձնելով սփյուռքակիր օջախ»,-հավելեց նախարարը:
Նախարարը, խոսելով աշխարհի տարբեր անկյուններում հայերենի պահպանման, հայկական դպրոցների նվազեցման կանխարգելման խնդիրների մասին, նշեց Մանկավարժականի հսկայական դերակատարումն այդ գործում:
Բուհի պրոֆեսորադասախոսական կազմն ի պատասխան ընդգծեց, որ մի շարք ֆակուլտետներում «Սփյուռքի պատմություն» առարկան ընդգրկված է ուսումնական ծրագրերում, իսկ Հայոց լեզվի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Լալիկ Խաչատրյանն էլ առաջարկեց սփյուռքում հայագիտական առարկաները դասավանդելու գործում ընդգրկել Մանկավարժականի ներուժը:
Հանդիպման ավարտին` նախարար Հրանուշ Հակոբյանը սփյուռքում ակտիվ գործունեություն ծավալելու համար «Վիլյամ Սարոյան» հուշամեդալով պարգևատրեց «Սփյուռք» կենտրոնի տնօրեն Սուրեն Դանիելյանին և մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսորի պաշտոնակատար Ջուլիետա Գյուլամիրյանին:
Նախարարը շրջեց համալսարանում, եղավ բուհի նորաբաց թանգարանում: