Այսօր Մանկավարժական համալսարանը հյուրընկալել էր բուհի շրջանավարտ, գրող, հրապարակախոս Ռազմիկ Դավոյանին և նախկին ռեկտորներ Վազգեն Աղուզումցյանի, Վարդգես

Համազասպյանի, Աշոտ Փարեմուզյանի, Լեմվել Վալեսյանի ընտանիքներին:
Բուհի ռեկտոր, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանը, բարձր գնահատելով համալսարանի զարգացման գործում գրողի և իր գործընկերների վաստակը, նրանց զավակներին պարգևատրեց համալսարանի հիմնադրման 90-ամյակը խորհրդանշող հոբելյանական մեդալով:
Ներկայացնելով իր պաշտոնավարման ընթացքում բուհում կատարվող աշխատանքը` Ռուբեն Միզախանյանը նշեց. «Մանկավարժականը վերջին շրջանում համագործակցում է արտասահմանյան առաջատար բուհերի հետ, որոնք գործնականում իրենց արտահայտությունն են ստանում: Բուհը կարևորում է ուսանողի շարժունակությունն ու փոխանակային տարբեր ծրագրերի միջոցով ուսանողներին ուղարկում արտերկիր: Ամեն ինչ արվում է նաև լեզվական անջրպետը հաղթահարելու համար. համալսարանի որդեգրած քաղաքականության արդյունքում`մեր ուսանողները չորս տարի անց բացի մայրենի լեզվից կկարողանան աշխատել առնվազն մեկ օտար լեզվով: Շախմատի և սպորտի ամբիոնի առկայությունը բուհում հնարավորություն կտա ուսանողին ձեռք բերել համապատասխան կարգ և դասավանդել դպրոցում, իսկ Պատմության ֆակուլտետի ուսանողներն էլ իրենց առաջիկա պրակտիկան կանցկացնեն Արևմտյան Հայասատանում»:
Ռեկտորը չթաքցրեց` բուհում կատարված փոփոխությունները հսկայական են, սակայն մեծամասշտաբ փոփոխություններն անհնար կլինեին առանց բուհի անցյալն ուսումնասիրելու և նախորդ 17 ռեկտորների լուրջ ներդրումների:
Դիմելով ներկաներին` Ռուբեն Միրզախանյանն իր խորին երախտագիտությունը հայտնեց նրանց` բուհի ժամանակագրությունն ու տարեգրությունը վկայող տեղեկատվության տրամադրման համար.«Ձեր աջակցությամբ մենք ստեղծեցինք բարձրակարգ թանգարան, որն իր բացման օրից ունեցել է ավելի քան 6000 այցելու»:

Մանկավարժականի շրջանավարտ Ռազմիկ Դավոյանն անկեծացավ. եղել է աշխարհի տարբեր բուհերում և ամեն անգամ մեծ սիրով ու հպարտությամբ է առանձնացրել իր հարազատ կրթօջախը, իսկ լավագույն հիշողությունների թանձր մասն էլ կապված է հենց բուհի հետ:
Մանկավարժականի նախկին ռեկտոր Վազգեն Աղուզումցյանի որդին` հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Ռուբեն Աղուզումցյանն էլ չթաքցրեց հուզմունքը. Մանկավարժականի ներկայիս մասնաշենքերից մեկը իրենց երբեմնի բնակատեղին է եղել:
Հանդիպման ավարտին հյուրերը շրջեցին համալսարանի թանգարանում և իրենց հիացմունքն արտահայտեցին:
.jpg)