ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

«Հայոց բանակ 21». բացառիկ ցուցադրություն Մանկավարժականում
21.01.2013
Մանկավարժական համալսարանի Գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահը Հայոց բանակի հիմնադրման 21-ամյակին ընդառաջ կազմակերպել է բացառիկ ցուցահանդես:
«Հայոց բանակ 21» խորագրով ցուցադրությանը ներկայացված են Արցախյան ազատամարտի, հայոց կանոնավոր բանակի ստեղծման, տարեգրության, զարգացման և ներկայիս նվաճումների մասին պատմող 160 գիրք, գրքույկ:
Վերջին 21 տարում հրատարակված գրքերից շուրջ 100-ը նվիրված են Արցախյան գոյամարտին և դրան մասնակից մարտիկներին:
Գրադարանի տնօրեն, պատմաբան, մատենագետ, Արցախյան ազատամարտի մասնակից Տիգրան Պետրոսյանցը վստահեցնում է` ոչ մի գրադարանում բանակաշինությանն ու Արցախյան պատերազմին նվիրված գրքերի նման քանակություն չես հանդիպի:
«Առաջին անգամ կազմակերպված այս ցուցադրությունը կնպաստի ուսանողի ռազմահայրենասիրական դաստիարակությանը: Հատկապես ուրախալի է, որ գրականությունից օգտվելու համար մեր համալսարան են այցելում այլ ուսումնական հաստատությունների ուսանողներ ևս»,-ասաց Տիգրան Պետրոսյանցը:
Վերջինս տեղեկացրեց, որ ցուցադրությունը կտևի մեկ ամիս և հորդորեց`չդժգոհել նման գրքերի սակավությունից` որպես ապացույց մատնանշելով ցուցադրությանը ներկայացված գրքերը:
Նշենք, որ «Հայոց բանակ 21» ցուցադրությանը ներկայացված են Արցախյան ազատագրական շարժման կազմակերպիչներից ՀՀ Նախագահ, ՀՀ զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատար, Արցախի հերոս Սերժ Սարգսյանի «Հայոց բանակ- 10» գիրքը, Հայոց բանակի հիմնադիրներից, ՀՀ պաշտպանության առաջին նախարար, ՀՀ վարչապետ, ՀՀ Ազգային հերոս, Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի «Ոգու փորձություն», ՀՀ պաշտպանության նախարար, Արցախի հերոս, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանի «21-րդ դարի բանակ», «Հայկական բանակի 20-ամյա տարեգրությունը» և այլ գրքեր: