ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ընտրվեց ՈւԽ-ի նոր նախագահ
31.01.2013
Այսօր Մանկավարժական համալսարանում տեղի ունեցավ Ուսանողական խորհրդի ընդհանուր ժողովի արտահերթ նիստը, որի օրակարգում ՈւԽ-ի նախագահի ընտրությունն էր:
Նիստին ներկա էին գիտության և հետբուհական կրթության գծով պրոռեկտոր, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Արա Երեմյանը, ֆակուլտետների ՈւԽ-ի և ՈւԳԸ-ի նախագահներն ու անդամները:
Պրոռեկտոր Արա Երեմյանը, կարևորելով ուսանողական կառույցների գործունեությունը, ասաց. «Համալսարանի կաևորագույն օղակը ուսանողն է: Ուսանողական խորհրդի շնորհիվ մենք արձանագրել ենք լուրջ բարեփոխումներ, որոնք բարձրացրել են ինչպես մեր բուհի, այնպես էլ պետության վարկանիշը: ՈւԽ-ի նախագահը ամենօրյա աշխատանքով պետք է նպաստի բուհի կառավարման գործընթացում ուսանողների մասնակցությանը, ուսումնակրթական գործընթացներին և ուսումնադաստիարակչական աշխատանքներին»:
2008 թվականից Ուսանողական խորհուրդը ղեկավարած Վոլոդյա Գասպարյանը ներկայացրեց իր նախագահության ընթացքում կատարած աշխատանքները:
Վերջինս, խոսելով ձեռքբերումների մասին և կարևորելով ուսանողների ակտիվությունը ՈւԽ-ի աշխատանքներում, նշեց.«Ուսանողական խորհուրդները նոր ձևավորվող և զարգացող կառույցներ են: Միասնական գործելու և ձևավորած ավանդույթները պահպանելու շնորհիվ մենք 2009 և 2011 թվականներին ճանաչվեցինք «Լավագույն Ուսանողական խորհուրդ»: Իր գործունեության շրջանակում ՈւԽ-ն մշտապես պաշտպանել է ուսանողների շահերն ու իրավունքները` փորձելով իր շարքերը ներգրավել հնարավորինս շատ ուսանողների: Մենք տարբերվել ենք մեր գաղափարներով, մոտեցումներով և ծրագրերով. Հայ առաքելական եղեղեցու և ՀՀ Զինված ուժերի հետ համագործակցությունը մեր գործելակերպի լավագույն ապացույցն է»:
Վոլոդյա Գսպարյանը հորդորեց շարունակել ձևավորված ավանդույթներն ու տարաբնույթ աշխատանքների շնորհիվ նպաստել բուհի վարկանիշի բարձրացմանը, ուսանողների առօրյայի հետաքրքիր և բովանդակալից դառնալուն:
Անցնելով ՈւԽ-ի նախագահի ընտրությանը` խորհրդի ներկա 71 անդամները նախագահի պաշտոնում միաձայն առաջադրեցին Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի մագիստրատուրայի երկրորդ կուրսի ուսանող, Ուսանողական խորհրդի փոխնախագահ Ներսիկ Մարգարյանի թեկնածությունը:
Վերջինս բաց քվեարկության արդյունքում ստանձնեց վերոնշյալ պաշտոնը:
ՈւԽ նորընտիր նախագահը շնորհակալություն հայտնեց վստահության համար` նշելով. «2005 թվականից ի վեր Ուսանողական խորհրդի անդամ եմ: Այն հարազատ կառույց է դարձել, որտեղ աշխատել եմ մեծ նվիրումով: Խոստանում եմ շարունակել նախորդների աշխատանքն ու արդարացնել ուսանողների սպասելիքները»:
Վոլոդյա Գասպարյանի առաջարկով Ուսանողական խորհրդի նախագահի տեղակալ նշանակվեց Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետեի ՈւԽ նախագահ Դավիթ Ալեքսանյանը: