Բանավոր խոսքի զարգացումը, հռետորական արվեստը, ճարտասանության տեսության հայկական ավանադույթները, պատմությունն ու ժամանակագրությունն այսօր Սկզբնական

կրթության ֆակուլտետի ուսանողների ուշադրության առանցքում էին:
Հայոց լեզվի և տարրական ուսուցման մեթոդիկայի ամբիոնի Մանկավարժություն և մեթոդիկա (տարրական կրթության մասնագիտությամբ) հեռակա ուսուցման համակարգի 5-րդ ավարտական կուրսի «գ» խմբի «Բարև» խորագրով միջոցառումը յուրատեսակ ստուգարք-հաշվետվություն էր`«Արտահայտիչ ընթերցանություն» դասի շրջանակում սովորածն ու ձեռքբերած հմտությունները ներկայացնելու համար:
«Լավ կարդալը եղանակ ունի, յուրաքանչյուր շեշտ և կետ հոգեբուխ երգի նման թափանցում է մարդկային հոգու խորքերը, խոսքը մտքի արտահայտությունն է, լեզուն ամենազնիվ գործիքն է, որով մարդն իր ներքին հոգեվիճակն է արտահայտում և առանց որի սերունդները չեն զարգանա»,- ևս մեկ անգամ վստահեցրեցին ապագա դասվարներն ու մեջբերեցին Սևակի հայտնի տողերը. «Բոլորն այժմ կարդալ գիտեն, ուրեմն փառք կարդացածը հասկացողին »:
Սկզբնական կրթության ֆակուլտետի ուսանողուհի, Վահան Տերյանի անվան N 60 հիմնական դպրոցի դասվար Լիլիթ Փարսադանյանը վստահ է`այս կարճ ժամանակն օգնեց ներկաներին լցվել լույսով, հեռանալ գեղեցիկը տեսնելու, հայ դասականներին և հայոց բնաշխարհը ճանաչելու, սիրելու անհագ ցանկությամբ: Խոսելով Մանկավարժականում ստացած իր ուսման մասին` Լիլիթը հավելեց.«Բուհում սովորելու տարիները արդյունավետ և ճակատագրական եղան ինձ համար. դասախոսների փորձառու և սրտացավ լինելը օգնեց սիրել և արժևորել մանկավարժի մասնագիտությունը»:

Սկզբնական կրթության ֆակուլտետի դեկան Հեղինե Խաչատրյանը չի թաքցնում` հաճելիորեն զարմացած է տեսածով. «Հեռական ուսուցման համակարգում նման գերհագեցած միջոցառումն աննախադեպ է: Դուք ցուցաբերեցիք ձեր մասնագիտությանը համապատասխան լավագույն որակները: Գիտելիքները, ճաշակն ու ծով հուզականությունը լիահույս են դարձնում վաղվա օրվա, մեր ապագա սերնդի` լավ մարդ, ՀՀ գրագետ ու ակտիվ քաղաքացի լինելու հանդեպ»:
Հայոց լեզվի և տարրական ուսուցման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Աշոտ Գալստյանի համար միջոցառումը ողողված էր գիտելիքի ջերմ, կոկիկ, վեհ ու ժպիտախառը երանգներով, իսկ Մաթեմատիկայի և տարրական ուսուցման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Հայկունի Հարությունյանը հորդորեց իր գործընկերներին հիշել, որ ուսանողն անդեմ երևույթ չէ, նրանցից յուրաքանչյուրը մտածող, ձևավորված աշխարհայացք ունեցող ու զգացական անհատ է:
Սկզբնական կրթության ֆակուլտետի դասախոս, միջոցառման կազմակերպիչ Ռուզան Սահակյանն էլ վստահեցրեց` ժամանակն է կոտրել ձևավորված կարծրատիպն ու հեռակա համակարգում սովորող ուսանողի նկատմամբ թերահավատությունը: