ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Հանուն երեխաների առողջության
05.02.2013
Բանասիրական ֆակուլտետի հեռակա ուսուցման համակարգի 1-5-րդ կուրսի ուսանողներն այսօր հանդես եկան բարեգործական նախաձեռնությամբ:
Նրանք կամավոր սկզբունքով հավաքագրված գումարը նվիրաբերեցին Մասիսի շրջանի Սիփանիկ գյուղի բնակիչ 11-ամյա Լիլիթին, որը տառապում է մուկովիցիդոզ հազվադեպ հիվանդությամբ:
Լիլիթն իր մայրիկի հետ այսօր այցելել էր Մանկավարժական համալսարան՝ հանդիպելու Բանասիրական ֆակուլտետի դեկան Յուրի Դավթյանի և ուսանողների հետ՝ միաժամանակ իր շնորհակալական խոսքը հղելով հոգատարության և աջակցության համար:
Բանասիրական գիտությունների դոկտոր Յուրի Դավթյանն իր ուրախությունը հայտնեց ուսանողների այդչափ հոգատարության համար՝ ընդգծելով դրա կարևորությունը հատկապես մանկավարժի մասնագիտության համար. «Ուսուցիչն առաջին հերթին պիտի սիրի երեխաներին»:
Վերջինս երեխայի հետ զրույցում կոչ արեց սիրել սովորելն ու կրթվել, իսկ մայրիկին հորդորեց՝ հավատալ Աստծուն. միայն նա է ի զորու օգնել Լիլիթին:
Հեռակա ուսուցման համակարգի 1-ին կուրսի ուսանողուհի Մերի Գինոսյանը նշեց, որ Լիլիթի մասին տեղեկացել են «Արմենիա» հեռուստաընկերության «Սուր անկյուն» հաղորդման շրջանակում և որոշել հավաքված խորհրդանշական 45 000 դրամով փոքր-ինչ թեթևացնել երեխայի հիվանդության հետ կապված ահռելի հոգսը:
Նշենք, որ Բանասիրական ֆակուլտետում ավանդույթ դարձած բարեգործությունները կլինեն շարունակական: