Պատմության և իրավագիտության ֆակուլտետը բազմապիսի նախաձեռնություններով սերտորեն համագործակցում է հանրակրթական տարբեր հաստատությունների հետ՝ նպատակ

ունենալով պատմական գիտելիքները փոխանցելուց բացի աշակերտներին հաղորդել հայրենասիրական շունչ ու ոգի:
Այդ համագործակցության շրջանակում այսօր ֆակուլտետը բուհում հյուրընկալել էր Երևանի №112 փարձարարական ավագ դպրոցի հումանիտար հոսքի 10-12-րդ դասարանների շուրջ 40 աշակերտների:
Վերջիններս մասնակցեցին «Պատմության դասերը» խորագրով դասախոսությանը, որի ընթացքում ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Էդիկ Գևորգյանը ներկայացրեց հայ ժողովրդի հերոսական անցյալի դրվագները, վերլուծեց ներկայի և ապագայի պատմական իրողությունները:

Էդիկ Գևորգյանը խոսեց նաև ուսուցչի՝ հայ ժողովրդի կյանքում մեծ դերակատարում ունենալու մասին՝ ընդգծելով, որ ցանկացած մասնագիտության մեջ խիստ կարևոր են մանկավարժի հմտություններն ու հոգեբանությունը:
Դպրոցի տնօրեն, ՀՊՄՀ երբեմնի Պատմության ֆակուլտետի շրջանավարտ Սարգիս Քարամյանի եւ իրենց ուսուցիչների ուղեկցությամբ աշակերտները շրջեցին համալսարանում, եղան բուհի թանգարանում, շախմատի և ինֆորմատիկայի լսարաններում, հայոց պատմության ուսումնական կաբինետում, ծանոթացան գիտական գրադարանի հարուստ գրապահոցին:
Տեսնելով դպրոցական այցելուների ոգևորությունն ու լսելով նրանց կարծիքները՝ Էդիկ Գևորգյանը վստահեցրեց, որ աշակերտներից շատերը բուհից հեռացան անխախտ որոշմամբ՝ ոչ հեռու ապագայում իրենք հենց այս համալսարանի ուսանողներն են լինելու:
