ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ուսանողների անմոռանալի հանգիստը Աղավնաձորում
08.02.2013
Վերկաց, մարմնամարզություն, նախաճաշ, մարզական մրցույթներ, ճաշ, հանգստի ժամ, ժամանցային ծրագրեր, ընթրիք, ուրախ ծրագիր և քուն. փետրվարի 4-8-ը այս օրակարգով էին Աղավնաձորում իրենց ձմեռային հանգիստն անցկացնում բուհի բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողներն ու 2012 թվականի լավագույն ընթերցողները՝ 75 ուսանող:
Դասերից առաջ լիարժեք հանգիստ անցկացնելու համար Աղավնաձորում ստեղծված էին բոլոր պայմանները՝ հարմարավետ ու տաք սենյակներ, հետաքրքիր խաղաոճեր, երեքանգամյա թարմ ու համեղ սնունդ, իսկ հուսալի անվտանգությունն էլ ապահովում էին բուհի անվտանգության աշխատակիցները:
«Սա ուսանողներին գնահատելու և ոգևորելու յուրահատուկ ձև է, որն անշուշտ կխթանի ուսանողների՝ առավել ակտիվ ու առաջադեմ լինելուն»,- նշեց Շախմատի և սպորտի ամբիոնի վարիչի տեղակալ, դասախոս Սուրեն Բարսեղյանը, որը 4 օրերի ընթացքում ղեկավարել է բոլոր սպորտային մրցույթներն ու համակարգել ուսանողների առօրյան:
Այդ օրերին ուսանողները կազմակերպել են շաշկիի, շախմատի, նարդիի ու թենիսի առաջնություններ. լավագույնները պարգևատրվել են դիպլոմներով:
Հանգիստը լավագույնս կազմակերպելու գործում մեծ ներդրուն ունի նաև Ուսանողական խորհուրդը՝ ի դեմս Մշակույթի հանձնաժողովի նախագահ Լուսինե Փիրոյանի:
ՈՒԽ նախագահ Ներսիկ Մարգարյանը armspu.am-ի հետ զրույցում հավաստիացրեց, որ ուսանողներն անչափ գոհ են անցկացրած հանգստից՝ հայտնելով միևնույն կարծիքը՝ «Սա հիասքանչ հանգիստ էր դասերից առաջ»:
Կազմակերպված խաղերն ու ժամանցային այլ միջոցառումները ոչ միայն հաճելի էին, այլև օգտակար. հանգստի վերջին օրն անցկացվեց ինտելեկտուալ խաղ-մրցույթ, որն ապացուցեց՝ ուսումնական կենտրոնում իրենց հանգիստն անցկացնում են խելացի և գիտակ ուսանողները:
Անդրադառնալով հագեցած առօրյային՝ ուսանողները շտապեցին իրենց գոհունակությունը հայտնել նաև թարմ ու բազմազան ճաշացանկի համար, նրանցից շատերն էլ հավելեցին՝ «Մեզ զգացել ենք ինչպես մեր տանը»:
Խոհարարի օգնական Աննա Մկրտչյանը հավաստիացրեց, որ սնունդը պատրատել են մեծ սիրով՝ առաջնորդվելով օրվա ժամին համապատասխան առողջ սննդակարգով:
Ուսումնական կենտրոնում իր ձմեռային հանգիստն էր անցկացնում նաև հենակետային (ավագ դպրոց) վարժարանի մշակութային հոսքի 11-րդ դասարանի աշակերտուհի, լավագույն ընթերցող Մարիամ Ղազարյանը: Չորսօրյա անմոռաց հանգստի ընթացքում Մարիամը շատ բան է ընդօրինակել իր ավագ ընկերներից և համոզվել՝ գնահատվել են լավագույն ուսանողները:
Աղավնաձորյան հանգիստն այս տարի նույնպես ավարտվեց վառ տպավորություններով. ուսանողները հաստատակամ են իրենց այն որոշման մեջ, որ ամեն ինչ անելու են բուհի նմանատիպ խրախուսանքին կրիկին արժանանալու համար: