Մանկավարժական համալսարանի ռեկտորատի հերթական նիստում օրակարգի առանցքային հարցը բուհի կառուցվածքային փոփոխություններ էին: Համալսարանի ռեկտոր, պատմական

գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանը ռեկտորատի անդամներին ներկայացրեց բուհի կարևորագույն մարմինների`պրոռեկտորների պաշտոնների անվանական փոփոխություններն ու դրանից բխող նոր գործառույթները:
Գիտության և հետբուհական կրթության գծով պրոռեկտոր, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Արա Երեմյանն այսուհետ կստանձնի Աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտորի, իսկ Հեռակա և լրացուցիչ կրթության գծով պրոռեկտոր, ֆիզմաթ գիտությունների թեկնածու, դոցենտ Տիգրան Այվազյանը` Կրթության որակի և հեռակա ուսուցման գծով պրոռեկտորի պաշտոնները:
Նորաստեղծ Ուսումնագիտական գծով պրեռեկտորի պաշտոնում նշանակվեց Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սրբուհի Գևորգյանը, իսկ վերջինիս կփոխարինի հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Ռուզաննա Պետրոսյանը:
Ռուբեն Միրզախանյանը, բարձր գնահատելով Սրբուհի Գևորգյանի գիտական և կազմակերպչական ներուժը, վստահեցրեց` Մանկավարժականի շրջանավարտ և բազում տարիներ բուհում աշխատած հմուտ մասնագետը պրոռեկտորի պաշտոնում ևս կշարունակի իր արդյունավետ գործունեությունը :

«Դպրոցը, պրակտիկան և մագիստրատուրան այն գլխավոր օղակներ են, որոնք առաջիկայում կլինեն բուհի գործունեության կենտրոնում: Մենք պետք է ուշադրություն դարձնենք և բովանդակային փոփոխություններ կատարենք դպրոցում դասավանդվող մասնագիտություններում»,-ասաց ռեկտորն ու հավելեց.«Ուսումնական պրոցեսում կրթական որևէ մոտեցում չի կարող փոխարինել պրակտիկային, որը մեզանում կրում է ֆորմալ բնույթ: Առաջիկայում ստեղծվելիք նորաստեղծ Պրակտիկայի վարչությունը կնպաստի այդ բնագավառում արմատական լուրջ փոփոխություններին, իսկ պրակտիկայի արդյունքներն էլ կլինեն որակավորում տալու չափանիշ»:
Ռեկտորը նշեց, որ ֆակուլտետների կառուցվածքային փոփոխություններ առաջիկայում չեն նախատեսվում, ապա ընդգծեց, որ նախկինում կատարված դրական փոփոխությունները նպաստում են բուհի ներկայիս դինամիկ զարգացմանը:
Մանկավարժականի ռեկտորը մի շարք հանձնարարականներ տվեց բուհի տարբեր օղակների ղեկավարներին: Նա վստահեցրեց` երկարատև և լուրջ խորհրդակցությունները կշարունակվեն, որոնք կտան իրենց պտուղները: