ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը աշխարհագրության ուսուցման գործընթացում
11.02.2013
Այսօր Մանկավարժական համալսարանում մեկնարկեց «Երկրատեղեկատվական համակարգի կիրառման հմտություններ» թեմայով երկօրյա սեմնար-վերապատրաստում:
Սեմինարին մասնակցում էին հանրապետության մի շարք դպրոցների ուսուցիչներ, ԵՊՀ-ի, Կրթության ազգային ինստիտուտի և ոլորտի բազմաթիվ ներկայացուցիչներ:
Մասնակիցներին ողջունեց և աշխատանքների հաջող ընթացք մաղթեց Ուսումնագիտական գծով պրոռեկտոր Սրբուհի Գևորգյանը: Վերջինս կարևորեց գիտաժողովի անցկացումը՝ տարբեր մասնագիտությունների գծով վերապատրաստումները համարելով բուհի զարգացման կարևորագույն բաղադրիչներից :
Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի դեկան Սվետլանա Հովակիմյանը, անդրադառնալով ներկայիս կրթական համակարգին, նկատեց. «Որքան էլ ուսուցումը լինի աշակերտակենտրոն, կրթական գործընթացի արդյունավետությունը մեծապես կախված է ուսուցչից, նրա մասնագիտական պատրաստվածությունից»:
«Ուսուցչի և աշակերտի սերտ համագործակցության հատման կետը դառնում է հենց տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը: Մանկավարժական համալսարանը այն նախաձեռնողն ու առաջատարն է, որ գիտական հիմքերի վրա է դնում շատ արդիական հիմնախնդիր՝ երկրատեղեկատվական համակարգի կիրառման անհրաժեշտությունը, կարևորում դրանց դերը աշխարհագրական կրթության զարգացման գործընթացում»,-նշեց գիտաժողովի մասնակից, ԵՊՀ Ուսումնագիտական վարչության աշխատակից, բակալավրիատի բաժնի վարիչ, ա. գ. թ., դոցենտ Գուրգեն Հովհաննիսյանը:
Սեմինար-վերապատրաստումը մեկնարկեց Սոցիալ-տնտեսական աշխարհագրության և աշխարհագրության դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Աշոտ Աջամօղլյանի զեկույցով, որը վերաբերում էր աշխարհագրական կրթության զարգացման գործընթացում երկրատեղեկատվական համակարգերի դերին և նշանակությանը: Վերջինս հորդորեց՝ համապատասխան քարտեզագրական նյութերով աշխարհագրություն գիտությունը դարձնել առավել տեսանելի և որպես օրինակ պատկերային ներկայացումներով բացատրեց գործնական դասերի ընթացքը:
Աշոտ Աջամօղլյանն իր պատրաստակամությունը հայտնեց բուհի ունեցած էլեկտրոնային քարտեզների փաթեթը տրամադրել ուսուցիչներին՝ որպես գործնական դասերի ուղեցույց:
Սեմինարի առաջին օրվա հաջորդ զեկուցող Սոցիալ-տնտեսական աշխարհագրության և աշխարհագրության դասավանդման մեթոդիկայի ամբիոնի քարտեզագրող Տիգրան Բաբայանը ներկայացրեց քարտեզի օգնությամբ տեղեկատվության մատուցումը, քարտեզագրական համակարգը, նշանները և դրանց հետ աշխատելու ձևերը:
«Երկրատեղեկատվական համակարգի կիրառման հմտություններ» թեմայով երկօրյա սեմինար-վերապատրաստման աշխատանքները կշարունակվեն նաև վաղը:
Նշենք, որ էլեկտրոնային քարտեզների ողջ փաթեթը կարող եք դիտել ստորև.