Մանկավարժական համալսարանում այսօր տեղի ունեցավ Ուսանողական գիտական ընկերության ընդհանուր ժողովը, որի օրակարգում ՈւԳԸ-ի նախագահի ընտրությունն էր:

Ողջունելով ներկաներին` ՈՒԳԸ նախագահ Գեորգի Գաբրիելյանը ներկայացրեց իր պաշտոնավարման ընթացքում կատարած աշխատանքները` խոսելով ձեռքբերումների և թերացումների մասին.«Շուրջ 6 տարի ղեկավարելով համալսարանի գիտական այս կառույցը` մենք փորձել ենք աջակցել բուհի ուսանողների և ասպիրանտների կրթական, գիտական, հետազոտական, ստեղծագործական գործունեությանը: Կազմակերպել ենք բազմաթիվ գիտաժողովներ, կոնֆերանսներ, կրթական և գիտական ուղղվածություն ունեցող միջոցառումներ, իսկ ասմունքի ամենամյա մրցույթ-փառատոնը, որտեղ բուհի տարբեր ֆակուլտետների ուսանողներ ներկայացնում են իրենց հեղինակած ստեղծագործությունները, մեր կարևոր ձեռքբերումներից է»:
Վերջինս հույս հայտնեց, որ կրթական և գիտական համագործակցությունն այլ բուհերի հետ կլինի շարունակական, իսկ առողջ սերնդափոխությունն էլ կօգնի առավել ընդլայնել ընկերության առջև դրված նպատակներն ու խնդիրները:
ՈւԳԸ-ի կանոնակարգի համաձայն, անցնելով ընկերության նախագահի ընտրությանը, խորհրդի ներկա անդամները այդ պաշտոնում առաջադրեցին Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի մագիստրատուայի 1-ին կուրսի ուսանողուհի Մարիամ Մելքումյանի թեկնածությունը:

Վերջինս բաց քվեարկության արդյունքում միաձայն ստանձնեց ՈւԳԸ նախագահի վերոնշյալ պաշտոնը:
Մարիամ Մելքումյանը շնորհակալություն հայտնելով վստահության համար` ասաց.«Ինձ համար մեծ պատիվ է կրել Մանկավարժական համալսարանի ՈՒԳԸ-ի նախագահի պատվավոր կոչումը: Լսարանային դասերից զատ, իմ անձի կայացման գործում հսակայական նշանակություն է ունեցել այս կառույցում ծավալած գործունեությունը: 21-րդ դարը գիտելիքի դար է. ՈՒԳԸ-ն այն կառույցն է, որը հնարավորություն է տալիս ուսանողներին գիտական ոլորտում կատարել իրենց առաջին քայլն ու ձեռք բերել հետազոտողին բնորոշ հատկանիշներ: Խոստանում եմ առաջիկայում շարունակել ՈՒԳԸ-ում ձևավորված ավանդույթները, համագործակցել ՈՒԽ-ի, գիտական, կրթական ստորաբաժանումների, այլ կենտրոնների, բուհերի գիտական ընկերությունների հետ, կազմակերպել ուսանողական գիտաժողովներ, գիտահանրամատչելի դասախոսություններ և միջոցառումներ, ուսանողներին ներգրավել կրթական, գիտական խմբերում և ծրագրերում, հրատարակել նրանց գիտական, հետազոտական աշխատանքները »:
Ներկաները շնորհավորեցին նորանշանակ ՈՒԳԸ նախագահին`վերջինիս բնորոշելով որպես խելացի, պարտաճանաչ, աշխատասեր և գործունյա անհատ: Նրանք հույս հայտնեցին` Մարիամ Մելքումյանի ղեկավարմամբ ՈՒԳԸ-ն կիրականացնի բազմաթիվ նոր ու արդյունավետ գիտական ծրագրեր:

