Արդեն մի քանի օր է, ինչ Մանկավարժական համալսարանում մեկնարկել է առկա ուսուցման համակարգում սովորող ուսանողների մագիստրոսական թեզերի պաշտպանությունը:

Այսօր իրենց հետազոտական աշխատանքները ներկայացրին Հատուկ կրթության ֆակուլտետի «Լոգոպեդիա» մասնագիտության 12 մագիստրոսներ:
Ֆակուլտետի քննական հանձնաժողովում ընդգրկված էին կրթության և հատուկ մանկավարժության ոլորտի առաջատարները` Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը, «Փրկություն» հաշմանադամ երեխաների երիտասարդների կենտրոն ՀԿ-ի նախագահ Արփինե Աբրահամյանը, «Արաբկիր» բժշկական համալիր երեխաների դեռահասների առողջության ինստիտուտի սուրդոլոգիական ծառայության ղեկավար Թամարա Մանուկյանը, «Word Vision Հայաստան» կազմակերպության Երևանի տարածքային զարգացման ծրագրի ղեկավար Մարինա Հովհաննիսյանը` Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ֆիզիոլոգիայի և սպորտային բժշկության ամբիոնի պրոֆեսոր ամբիոնի վարիչ, բժշկական գիտությունների թեկնածու, դոկտոր, պրոֆեսոր Մարինա Աղաջանյանի նախագահությամբ:
Հանձնաժողովում առաջին անգամ ընդգրկված Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանն անկեղծանում է` այսօրվա պաշտպանությունները ստիպել են փոխել բուհի մասին ունեցած երբեմնի կարծիքն ու շատ բան սովորել հենց ուսանողներից.«Ներկայացված մագիստրոսական թեզերը արդիական էին, հետաքրքիր և, որ ամենակարևորն է, դրանք կարող են նպաստել հատուկ կրթության ոլորտի զարգացմանը: Խոսքի ճիշտ արտաբերումը երեխային ճիշտ գրելու հնարավորություն է տալիս, իսկ նախադպրոցական հաստատություններում լոգոպեդների առկայությունը կարող է հանդիսանալ երեխաների կրթության որակը բարելավելու երաշխիք: Ուսանողների հնչեցրած տեսակետները պետք է հասանելի լինեն ինչպես ոլորտի մասնագտներին, այնպես էլ իրավասու անձանց»:
Անահիտ Բախշյանը նաև կարևորեց Կրթության ազգային ինստիտուտի հետ Մանկավարժականի համագործակցությունը`վստահեցնելով, որ անկախ ընդդիմացողների, այն արդյունավետ գործունեության լավ հեռանկար կստեղծի:

Շրջանավարտ Անի Գևորգյանը գոհ է պաշտպանության արդյունքներից և ակնկալում է գերազանց գնահատական: «Խոսքի ընդհանուր թերզարգացում ունեցող երեխաների բառապաշարի և քերականական կարողությունների զարգացման առանձնահատկությունները» թեմայում անդրադարձել է ԽԸԹ ունեցող նախադպրոցականների հետ տարվող լոգոպեդական աշխատանքների կազմակերպման.«Մագիստրոսական թեզում կարևորել եմ բառապաշարի և քերականական կարողությունների զարգացման առանձնահատկությունների շտկման ուղղությամբ տարվող աշխատանքները`փորձելով վերլուծել սովորողների խոսքային խնդրի հաղթահարման ժամանակակից պահանջներն ու մոտեցումները: Կարծում եմ` իմ կատարած հետազոտությունը համապատասխանում է թեմայի բովանդակությանն ու մագիստրոսական թեզի բոլոր պահանջներին»:
Լիլիթ Հակոբյանն էլ ոգևորված է.նրա թեման հետաքրքրել է հանձնաժողովի բոլոր անդամներին: «Կոկորդի քաղցկեղով անձանց հետ իրականացվող հետվիրահատական լոգոպեդական աշխատանքի առանձնահատկությունները» հետազոտական աշխատանքում փորձել է գործնականորեն հիմնավորել կոկորդի ամբողջական հեռացումից հետո պրոթեզավորման ենթարկված հիվանդների ձայնի որակական հատկանիշների զարգացմանն ուղղված լոգոպեդական աշխատանքի նպատակայնությունն ու արդյունավետությունը: Անահիտ Բախշյանը ևս փաստում է` Լիլիթի մագիստրոսական թեման Հայաստանում լոգոպեդիայի նոր ճյուղի հիմք կարող է հանդիսանալ:
10 գերազանց, 1 լավ, 1 բավարար. Հատուկ Կրթության ֆակուլտետի դեկան Արմենուհի Ավագյանի համար քննությունների արդյունքները գոհացնող են: Նա վստահեցրեց` քննությունների ընթացքը եղել է բաց և թափանցիկ, իսկ տեղեկատվական նոր տեխնոլոգիանններն էլ օգնել են առավել հետաքրքիր դարձնել թեզերի պաշտպանության ընթացքը:
Պաշտպանության ավարտին հանձնաժողովի նախագահ Մարինա Աղաջանյանը armspu.am-ի հետ զրույցում ասաց.«Հատուկ կրթության ֆակուլտետի շրջանավարտները հարուստ էին տեսական գիտելիքներով: Նրանց ներկայացրած աշխատանքները էքսպերիմենտալ էին, իսկ մասնագիտական բառապաշարի գրագետ գործածելու կարողությունն էլ ինձ մեծ բավականություն պատճառեց: Կարող եմ փաստել`նրանցից շատերն արդեն իսկ պատրաստի մասնագետներ են»:
Նշենք, որ Հատուկ կրթության ֆակուլտետի մագիստրոսական թեզերի պաշտպանությունը կշարունկվի մինչև փետրվարի 15-ը: