Աշխարհագրության ուսուցիչների վերապատրաստման երկրորդ օրը հագեցած էր այնպիսի զեկույցներով, որոնք ներկայացնում էին աշխարհագրական խնդիրների լուծման գործում

քարտեզների օգտագործման հնարավորությունները, աշխարհագրության ժամանակակից դասի մոդելները և ուսուցման գործընթացում տարբեր մեթոդների կիրառման անհրաժեշտությունը:
Կրթության ազգային ինստիտուտի աշխարհագրության մասնագետ Աշոտ Խաչատրյանն իր զեկույցում կարևորեց աշխարհագրական խնդիրների լուծման գործում քարտեզների օգտագործման հնարավորությունները՝ նշելով. «Քարտեզը աշխարհագրական գիտելիքների ձեռքբերման հիմնական միջոցներից է, ճանաչողության մեթոդ, որը ծառայում է ոչ միայն երևույթների և օբյեկտների կապերը տեսնելու, այլև բացատրելու և օրինաչափությունները բացահայտելու համար»:
Կարևորելով քարտեզների կիրառման անհրաժեշտությունը՝ Սոցիալ-տնտեսական աշխարհագրության և աշխարհագրության դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դոցենտ Ա. Մինասյանը ներկայացրեց աշխարհագրության դասի ժամանակակից մոդելը՝ դպրոցական ծրագրից ընտրելով «Ավստրալիա, ընդհանուր բնութագիրը» թեման:
Վերջինս մի դասի օրինակով ներկայացրեց քարտեզների օգտագործման հնարավորությունները՝ խոսելով դասի տարբեր փուլերում դրա ուսուցողական նպատակի մասին:

Անդրադառնալով աշխարհագրության դասաժամին կիրառվող մեթոդներին՝ ա. գ. թ., Սոցիալ-տնտեսական աշխարհագրության և աշխարհագրության դասավանդման մեթոդիկայի ամբիոնի պրոֆեսոր Խ. Սարգսյանն անդրադարձավ հատկապես համագործակցային և փոխներգործող ուսուցմանը. «Հայաստանում շատերն են կիրառում խմբային աշխատանք, սակայն քչերն են տիրապետում ուսուցման գործընթացում համագործակցային ուսուցման հիմնական տարրերին ու մեթոդներին և նրանց ինտեգրված կիրառելու վարպետությանը»:
Ավարտին ամփոփվեցին երկօրյա վերապատրատումերի արդյունքները: Վերապատրոստվողներին արդյունավետ գործունեություն մաղթեց ուսումնագիտական գծով նորնշանակ պրոռեկտոր Սրբուհի Գևորգյանը:
Վերապատրաստվողները համակարծիք էին՝ սեմինարը նպատակային էր և շատ արդյունավետ, իսկ մատուցվող նյութը՝ նորույթ աշխարհագրության մեթոդների մեջ:
192 հիմնական դպրոցի աշխարհագրության ուսուցիչ Լեյլի Կյուրեղյանը բազմիցս մասնակցել է վերապատրաստումների, սակայն այս մեկն առանձնակի է կարևորում. «Չնայած դպրոցի տեխնիկական հնարավորությունների սակավությանը՝ պետք է քայլել ժամանակին համընթաց և փնտրել միջոցներ այս մեթոդը ևս համապատասախան կաբինետում կիրառելու համար»:
Վաղարշապատի №5 դպրոցի աշխարհագրության ուսուցիչ Հովհաննես Գասպարյանը իր երախտագիտությունն է հայտնում վերապատրաստման կազմակերպիչներին՝ նշելով. «Շարունակ

փոփոխվում են դասագրքերը, չափորոշիչները, ուսուցչի հանդեպ պահանջները: Մանկավարժական համալսարանի կազմակերպած նմանատիպ վերապատրաստումների շնորհիվ մենք տեղեկանում ենք նորագույն մեթոդներին և ստանում անհրաժեշտ մեթոդական օգնություն»:
20 տարվա մանկավարժական փորձ ունեցող ուսուցիչը նկատում է՝ գործնական պարապմունքներով լեցուն աշխարհագրություն առարկան դպրոցներում չի մատուցվում իր բոլոր հնարավորություններով: Վերջինս առաջարկեց, որ դպրոց-բուհ կապի ամրապնդման համար ցանկալի կլինի դպրոցների հետ Մանկավարժականի սերտ համագործակցությունը:
Մանագիտական որակավորման բարձրացման և համագործակցության կենտրոնի կողմից բոլոր մասնակիցներին հանձնվեց մասնագիտական որակավորման բարձրացման դասընթացների մասնակցության հավաստագրեր:
Ի դեպ, բուհի Սոցիալ-տնտեսական աշխարհագրության և աշխարհագրության դասավանդման մեթոդիկայի ամբիոնի էջում կարող եք ծանոթանալ էլեկտրոնային քարտեզների ողջ փաթեթին: