Շուրջ մեկ տարի է, ինչ Մանկավարժական համալսարանի և ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության միջև ստորագրվել է համագործակցության ծրագիր: Այս ընթացքում համատեղ իրականցվել են մի շարք կրթական և ճանաչողական բնույթի աշխատանքներ :
Օրերս բուհի Միջազգային համագործակցության բաժնի և Կարիերայի կենտրոնի ջանքերով բազմաթիվ ուսանողներ մասնակցեցին ՄԱԿ-ի «Կամավորներ» ծրագրի մրցութային փուլին:
Կուլտուրայի ֆակուլտետի ուսանողուհիներ Օլգա Մուրադյանը, Ամալյա Շահնազարյանը և Նինա Սեյրանյանը, ցուցաբերելով անգլերեն լեզվի գերազանց իմացություն և մասնագիտական բարձր հմտություններ, հնարավորություն ունեցան երեք ամիս շարունակ մասնակցել ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության կամավորական աշխատանքներին:
«Այս ծրագիրը ուսանողների համար հիանալի հնարավորություններ է ստեղծում: Նրանք կհասկանան կամավորական աշխատանքի կարևորությունը, կշփվեն ոլորտի առաջատար մասնագետների հետ, գործնականում կկիրառեն տեսական գիտելիքները, ինչպես նաև կմասնակցեն կազմակերպության աշխատանքների ողջ գործընթացին»,-ասաց Միջազգային համագործակցության բաժնի պետ Քրիստինա Ծատուրյանը :