ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մանկավարժականի աշխատակիցը շահել է ավտոմեքենա
13.02.2013
Օրերս Մանկավարժական համալսարանի աշխատակցուհի Սուսաննա Ղազարյանը հսկիչ-դրամարկղային մեքենայի կտրոնի 6 թվի համընկնմամբ շահել է Daewoo nexia մակնիշի ավտոմեքենա:
53-ամյա տիկին Սուսաննան մայրաքաղաք է տեղափոխվել Սիսիանից, բնակվում է վարձով, սոցիալապես ծանր պայմաններում: Նա անկեղծանում է` ՀԴՄ կտրոնները խնամքով էր պահում, դրանք ստուգելու պարտականությունը չէր վստահում որեւէ մեկին:
Բաղձալի ավտոմեքենային արժանանալու սպասումի մեկ ամիսը ամբողջ հավերժություն է թվացել տիկին Սուսաննային. Նա գրեթե չի քնել.« Խաղարկությունը հունվարի 12-ին էր. սկզբում մտածում էի, որ համընկել է միայն 5 թիվ: Ընտանքիս անդամներին շահումի մասին ոչինչ չէի ասում`մտածելով, թե սխալվել եմ: Աստծուց խնդրում էի`գոնե շահեմ, մեքենան վաճառեմ և իրականացնեմ սեփական բնակարան ունենալու վաղեմի երազանքս»,-armspu.am-ի հետ զրույցում ասաց Սուսաննա Ղազարյանը:
Արդեն չի էլ հիշում` փետրվարի 6-ն էր, թե 7-ը, երբ զանգահերեցին Պետական եկամուտների կոմիտեից և հայտնեցին ավտոմեքենա շահելու մասին լուրը:
Daewoo nexia մակնիշի ավտոմեքենայի տիրուհին անկեղծանում է` ավտոմեքենան երեկ է ստացել, սակայն ամենամեծ անակնկալը, հայկական բանակում ծառայող որդու անսպասելի 5-օրյա արձակուրդ գալն է: