Օրերս ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեն «Ասպիրանտների հետազոտությունների աջակցության ծրագիր-2012» մրցույթի հաղթող 25 ասպիրանտների հանձնեց դրամաշնորհի
.jpg)
վկայագրեր:
Մրցույթում հաղթող է ճանաչվել նաեւ Մանկավարժական համալսարանից ծրագրին դիմած «Մանկավարժության տեսություն և պատմություն» ամբիոնի ասպիրանտ Լևոն Նազարյանը:
Վերջինս ներկայացրել էր «Ավագ դպրոցի բնագիտամաթեմատիկական հոսքում սովորողների ուսումնահետազոտական կարողությունների ձևավորման մանկավարժական պայմանները» գիտական թեման (ղեկավար մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լաուրա Ասատրյան):
Գիտական փորձաքննության ժամանակ գնահատվել են գիտական և գիտատեխնիկական նորույթն ու արդիականությունը, գիտական թեմայի իրականացման նախադրյալները, փուլերը և ժամկետները, պահանջվող ֆինանսական միջոցների հիմնավորվածությունը և գիտության տվյալ բնագավառի առանձնահատկություններից բխող այլ հարցեր, որի հիման վրա էլ կազմվել է գիտական թեմաների նախնական վարկանիշային ցանկը:
Ասպիրանտներին հավաստագրեր հանձնեց ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ով կրթական բարեփոխումների ներկա փուլում առանձնակի կարևորեց Լևոն Նազարյանի գիտական թեմայի նշանակությունն ու արդիականությունը:
«21-րդ դարը տեղեկատվական, հաղորդակցական, մասնագիտական ոլորտներին առնչվող հիմնարար փոփոխությունների ժամանակահատված է: ՀՀ ներկա շուկայական տնտեսության պայմաններում հատկապես բարձրացել է որակյալ մասնագետների պահանջարկը և նշանակությունը` ստիպելով բարեփոխել կրթության բովանդակությունը, մեթոդները, տեխնոլոգիաները, նպատակային առաջնահերթությունները և մանկավարժական պայմանները»,-ասաց Լևոն Նազարյանը:
Նա հավելեց, որ մեր օրերում որպես նախամասնագիտացման կարևոր և անհրաժեշտ օղակ մեծացել է նաև ավագ դպրոցի դերը, որը պետք է ապահովի ոչ միայն սովորողների ճանաչողական, այլև հետազոտական կարողությունների ձևավորումը: