Սկզբնական կրթության ֆակուլտետում այսօր մագիստրոսական թեզերի պաշտպանության ամփոփիչ ատեստավորման վերջին օրն էր:

Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ուսումնական հարցերով պրոռեկտոր, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ֆրունզիկ Ղազարյանի նախագահությամբ հանձնաժողովը լսեց և գնահատեց մանկավարժություն և հոգեբանություն (նախադպրոցական) բաժնի 18 ուսանողների աշխատանքները:
Դրանցում ամփոփված էին նախադպրոցական տարիքի մանկավարժահոգեբանական հիմնահարցերի շուրջ մագիստրոսների մեկուկես տարվա կատարած աշխատանքները:
Իրենց թեզերում մագիստրոսներն անդրադարձել էին արդիական և գիտական նոր հետազոտությունների կարիք ունեցող հիմնախնդիրների:
Բացի գիտական վարկածներից, աշխատանքներում ներառել էին նաև նախադպրոցական հաստատություններում կատարված պրակտիկ վերլուծությունների արդյունքները:
Հանձնաժողովի անդամները գոհ են պաշտպանության ընթացքից. հանձնաժողովի նախագահ Ֆրունզիկ Ղազարյանը փաստեց՝ նախադպրոցական բազային կրթություն ունեցող մագիստրոսները ցուցաբերում են ավելի բարձր առաջադիմություն. «Նրանք հաջողությամբ զուգակցում են կատարած հետազոտությունները ուսումնառության տարիներին ստացած գիտելիքների հետ: Առավել բարձր եմ գնահատում այն, որ պաշտպանության էին ներկայացված այնպիսի աշխատանքներ, որոնք կարող են հիմք հանդիսանալ մանկավարժական պրակտիկայում ներդնելու համար»:
Նշենք, որ 2012-2013 ուսումնական տարում Սկզբնական կրթության ֆակուլտետն ունեցավ 31 մագիստրոս շրջանավարտ: