ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Գրքահավաք միջոցառում
19.02.2013
Արդեն մի քանի տարի է, ինչ փետրվարի 19-ը Հայաստանում նշանավորվում է որպես գիրք նվիրելու օր:
Օրվա խորհրդին անմասն չմնաց նաև Մանկավարժական համալսարանը. Արհկոմի նախաձեռնությամբ բուհի երկու մասնաշենքերի նախասրահներում կազմակերպվել էր գրքահավաք:
Միջոցառմանը մասնակցում էին բուհի աշխատակիցները՝ ՀՀ սահմանամերձ դպրոցներին և զորամասերին նվիրաբերելով նվազագույնը մեկական գիրք:
«Մանկավարժական համալսարանը, լինելով ուսուցիչներ կրթող առաջատար բուհերից մեկը, առավել քան պարտավոր է պահպանել և ամրապնդել գրքի հետ կապը»,-նշեց Արհկոմի նախագահ, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Հասմիկ Սարգսյանը՝ հավելելով. «Մենք ամեն ինչ կանենք, որ նման նախաձեռնությունները լինեն շարունակական և դառնան օրինակելի ուսանողների համար»:
Պատմության և իրավագիտության ֆակուլտետի Արհմբյուրոյի նախագահ Իսկուհի Լափայանը նախաձեռնությանը մասնկացում է մեծ սիրով և ոգևորությամբ՝ նվիրաբերելով Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունների հատորներից: Վերջինս կարծում է, որ հավաքագրված գրքերն իրենց պատվավոր տեղը կգտնեն դպրոցների և զորամասերի գրադարակներում ու ընթերցողների սեղաններին: Սա ուսանելի է հատկապես նրանց համար, որոնք նախապատվությունը տալիս են առավել շատ համացանցին:
Գրքահավաքին ակտիվ մասնակցություն ցուցաբերեցին նաև ՀՊՄՀ հենակետային (ավագ դպրոց) վարժարանի ուսուցիչները: Վարժարանի Արհմբյուրոյի նախագահ Սոնա Ղուկասյանը նշեց՝ ողջ ուսուցչական կազմը մեծ սիրով է մասնակցել միջոցառմանը՝ հույս ունենալով, որ գիրքը կլինի ամենացանկալի նվերը, իսկ գիրք նվիրելը՝ գեղեցիկ ավանդույթ: