ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Շվեդ պրոֆեսորների բացառիկ դասախոսությունը Մանկավարժականում
20.02.2013
Այսօր Հատուկ կրթության ֆակուլտետի նախաձեռնությամբ Մանկավարժական համալսարանում հյուրընկալվել էին Շվեդիայի Ուպսուլա համալսարանի Հատուկ կրթության բաժնի պրոֆեսորներ Ռոլի Հելլդինն ու Մագնուս Մագնուսոնը:
Տեմպուս ծրագրի շրջանակում Հայաստան ժամանած հյուրերը բուհի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ հանդիպման ընթացքում հանդես եկան բացառիկ դասախոսությամբ:
Ռոլի Հելլդին նախ պատմական ակնարկ կատարեց` ներկայացնելով իրենց ուսումնական հաստատությունում Հատուկ կրթության բաժնի հիմնադրումը, գործունեությունն ու ներկայումս տարվող աշխատանքները, ապա անդրադարձավ ոլորտի հիմնախնդիրներին:
Շվեդ պրոֆեսորը նշեց, որ նախկինում առանձնահատուկ կարիքներ ունեցողները մեկուսացված էին հասարակությունից, կրթական համակարգում կար որոշակի խտրականություն և անհավասար վերաբերմունք.«Ժամանակին նույնսիկ վեճ էր ծագել մանկավարժների և բժիշկների, հոգեբույժների միջև: Նրանք բաժանվել էին խմբերի.առաջինները դեմ էին ներառական կրթությանը, իսկ մյուս մասն էլ պնդում էր` այն կնպաստի հասարակության բոլոր անդամների հավասարեցմանը»,-ասաց Ռոլի Հելլդին`հավելելով.«Դեմոկրատական պետություն դառնալու հիմքերից մեկն էլ ներառական կրթության ներդրումն է»:
Լինելով հատուկ կրթության ոլորտի փորձառու մասնագետ ` պրոֆեսորը չափազանց կարևորեց` հանրակրթական հաստատություններում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հավասար իրավունքներ ունենալը:
Ռոլի Հելլդինգիտակցում է, որ դա կարող է որոշակի խնդիրներ առաջացնել, բայց շտապում է նաև հիշեցնել` պետք է շարունակել նոր մեթոդների ներդրումն ու ներառական կրթական համակարգի ընթացակարգի կատարելագործումը:
Պրոֆեսոր Մագնուս Մագնուսոնն երկխոսության միջոցով դասախոսության ընթացքում խոսեց Շվեդիայի կրթական համակարգի առանձնահատկությունների`հատկապես մագիստրոսական թեզերի, քննաշրջանի անցկացման մասին:
Վերջինս ընդգծեց, որ ուսանողների ինքնուրույնությունը հասցված է առավելագույնի, իսկ մագիստրոսական թեզերի պաշտպանության ընթացքում նրանք կարող են հանդես գալ նույնիսկ որպես ընդդիմախոսներ:
Խոսելով հայաստանյան ներառական կրթական համակարգի մասին` օտարեկրյա մասնագետը նշեց.«Հասարակության ներգրավվածությունն ու ոլորտի զարգացումը նոր թափ է ստանում, իսկ հիմնական խոչընդոտը շարունակում է մնալ ֆինանսական ռեսուրսի բացակայությունը»:
Դասախոսության ավարտին պրոֆեսորը վստահեցրեց`հաջորդ հանդիպմանը ոլորտի հիմնախնդիրենրը կուսումնասիրվեն նոր հարթության մեջ, որի մաս կկազմի նաև շվեդերենի ուսուցումը:
Հատուկ կրթության ֆակուլտետի դեկան Արմենուհի Ավագյանը դասախսության ավարտին իր գոհունակությունը հայտնեց`նշելով.«Հրավերքի նպատակն էր ուսանողներին ծանոթացնել շվեդական ներառական կրթության համակարգին: Մեզ մոտ հաճախ տպավորություն է ստեղծվում, որ առկա խնդիրները պայմանավորված են միայն մեր երկրով.նման հանդիպումները հերքում են այդ կարծրատիպերը, իսկ եվրոպական փորձն էլ ապագա մասնագետներին օգնում հաղթահարել ներառական կրթության ոլորտում առկա հիմնախնդիրները»: