ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Բոլոնյան բարեփոխումների փորձագետը Մանկավարժականում
21.02.2013

Մանկավարժական համալսարանում բացառիկ դասախոսությամբ հանդես եկավ Շվեդիայի Լիշոպինգի համալսարանի ներկայացուցիչ, Բոլոնյան բարեփոխումների փորձագետ Յաներիկ

Լունդքվիստը:
Հյուրին ներկայացրեց Հայաստանում «Տեմպուս» ծրագրի համակարգող Լանա Կառլովան, որի անմիջական մասնակցությամբ Մանկավարժականն հյուրընկալել էր փորձագետին:
Վերջինս աշխատանքային այցով երկրորդ անգամ է Հայաստանում՝ Տեմպուսի ծրագրի շրջանակում համագործակցելու նպատակով:
Իր դասախոսության ընթացքում Յաներիկ Լունդքվիստն անդրադարձավ եվրոպական մակարդակում բոլոնյան բարեփոխումների ընթացքին՝ ներկայացնելով բարձրագույն կրթության որակավորումներն այլ երկրների համար ճանաչելի, ընկալելի և համադրելի դարձնելուն ուղղված անելինքերը:
Փորձագետն ընդգծեց հատկապես ուսանողակենտրոն դասընթացի կարևորությունը. գիտելիք փոխանցելիս պետք է ելնել ուսանողների կարիքներից, որը ենթադրումէ ուսուցման համապատասխան միջավայրի ստեղծում:
«Ուսանողը պետք է կարողանա ճիշտ ընկալի. Վերլուծական կարողություններն ու հմտությունները նրա մոտ պետք է ձևավորվեն հենց դասի ընթացքում»,-կարծում է Յաներիկ Լունդքվիստը:
Վերջինս սեփական օրինակով ներկայացրեց՝ ինչպես է կառուցում իր դասընթացը, ինչպես է նախապատրաստվում դրան և թե ինչպես է արդյունքները վերլուծելով գնահատում դասընթացի արդյունավետությունը:
Միջազգային համագործակցության բաժնի պետ Քրիստինա Ծատուրյանը նշեց, որ փորձագետին բուհ հրավիրելը հետապնդում էր իրազեկվածության մակարդակը բարձրացնելու նպատակ. «Ոլորտի ներկայացուցիչները պետք է տիրապետեն շարունակական, ինչպես նաև բարձրագույն կրթության համար որակավորումների եվրոպական շրջանակին: Մեր բոլոր կրթական ծրագրերը կառուցվելու են ազգային հենքի վրա, որն իր հերթին համադրելի կլինի եվրոպական որակավորումների շրջանակի հետ»:
Դասախոսության ավարտին Մանկավարժական համալսարանի, այլ բուհերի, ԳԱԱ-ի, ԿԳ նախարարության և Գործատուների միության ներկայացուցիչները Յաներիկ Լունդքվիստին ուղղեցին իրենց հետաքրքրող հարցերը, որոնք վերաբերում էին այլ երկրներում բոլոնյան գործընթացի հետ կապված խնդիրներին, որակավորումներին: