Բուհի նորաբաց թանգարանի այս շաբաթվա այցելուները ՀՊՄՀ հենակետային (ավագ դպրոց) վարժարանի բոլոր հոսքերի աշակերտներն էին:
Այսօր թանգարանը հյուրընկալեց հումանիտար հոսքի լրագրության բաժնի 10-12-րդ դասարանների աշակերտներին:
Թանգարանի գիտաշխատող Սիրարփի Անանյանի ուղեկցությամբ նրանք ծանոթացան բուհի ստեղծման պատմությանն ու տարեգրությանը, գործող մասնագիտություններին, նախկին ռեկտորներին և մանկավարժության ոլորտում մեծ ներդրում ունեցող մասնագետներին:
Աշակերտները հաճելիորեն զարմացած են. բազմաթիվ թանգարաններ են այցելել, բայց սա նրանց համար առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ ծանոթանում են իրենց ապագա կրթօջախի 90-ամյա պատմությանը:
11-րդ դասարանի աշակերտուհի Դիանա Գևորգյանն ամենից շատ տպավորված է Խաչատուր Աբովյանի եռաչափ պատկերով և տեսաֆիլմով: Խոստանում է հարմար առիթի դեպքում նորից այցելել թանգարան՝ հրավիրելով նաև իր տարեկիցներին:
10-րդ դասարանի աշակերտուհի Երանուհի Շահբազյանն էլ խոստովանում է՝ թանգարան այցելելով ամբողջացան Մանկավարժական համալսարանի մասին ունեցած իր գիտելիքները: Աշակերտուհին վստահ է՝ դասընկերները կլինեն հենց այս բուհի ապագա ուսանողները: