Օրերս լույս են տեսել Մանկավարժական համալսարանի պատմությունն ու տարեգրությունը ներկայացնող ալբոմի անգլերեն և ռուսերեն տարբերակները:

Համալսարանի 90-ամյակին նվիրված ալբոմում արխիվային նյութերի, պատկերազարդ լուսանկարների համադրմամբ կարելի է ծանոթանալ հայ գրերի ստեղծմանը, միջնադարյան Հայաստանում նշանավոր դպրոցների և վանական համալսարանների կազմակերպմանը, Մանկավարժական համալսարանի հիմնադրման, գործունեության առաջին տարիների պատմությանը, ինչպես նաև Հայրենական Մեծ պատերազմին և Արցախյան հերոսամարտին համալսարանի մասնակցությանը:
Ընթերցողն ալբոմի միջոցով կարող է ճանաչել նաև բուհի անվանի շրջանավարտներին:
Ալբոմի առաջին էջում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձն է և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությունը` Մանկավարժականի հիմնադրման 90-ամյակի առթիվ:
«Հայերեն, ռուսերեն և անգլերեն տարբերակներով եռալեզու ալբոմը նպատակ ունի համալսարանի մանկավարժական ժառանգությունը դարձնել սերունդների սեփականությունը, ներկայացնել բուհի պատմության բոլոր շրջանները` հիմնադրումը, զարգացման փուլերը, անցած ճանապարհը, ներկան և հեռապատկերը»,-ասաց Աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Արա Երեմյանը:
Նշենք, որ համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի ջանքերով պատրաստված ալբոմի հայերեն տարբերակը հրատարկվել էր դեռևս 2012 թվականի տարեվերջին: