«Ձե՛զ եմ ասում, ձե՛զ, հայոց նորահաս երիտասարդք, ձեր անումին մեռնի՜մ, ձեր արևին ղուրբա՜ն. տասը լեզու սովորեցե՛ք, ձեր լեզուն, ձեր հավատը ղայիմ բռնեցեք». Խաչատուր Աբովյանի այս ուղերձով ոգեշնչված՝ Մանկավարժական համալսարան էին այցելել Վահան Թոթովենցի անվան №57 դպրոցի 4-րդ դասարանի աշակերտները:
Բուհի ամենափոքրիկ հյուրերը շրջեցին թանգարանում, ծանոթացան համալսարանի պատմությանը, անվանի շրջանավարտներին: Թանգարանի գիտաշխատող Սիրարփի Անանյանի օգնությամբ և աշակերտների անմիջական մասնակցությամբ ներկաները մի պահ տեղափոխվեցին 5-րդ դար. բեմադրվեց հայ գրի ստեղծումն ու տարածումը, ապա կրտսեր աբովյանականները ներկաներին հղեցին Մեծ Լուսավորչի մտքերը մայրենի լեզվի պահպանման մասին:
Դասվար Կարինե Մանգոյանը շնորհակալություն հայտնեց դասախոսներին և կամավոր ուսանողներին աջակցության համար՝ նշելով. «Այս այցելությունը կարծես երկրորդ շնչառություն լիներ մեզ համար: Մեր աշակերտներն իրենց ելույթով պարտավորվում են լինել Խաչատուր Աբովյանի արժանի հետնորդներն ու բարձր պահել նրա անունը կրող կրթօջախի բարի համբավը»:

Աշակերտների հաջորդ կանգառը բուհի գիտական գրադարանում էր:
«Գիրքը մարդու ամենալավ բարեկամն է. սիրեք նրան». այսպես ողջունեց գիտական գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանցը: Աշակերտները շրջեցին ընթերցասրահում, ծանոթացան հարուստ գրականություն ունեցող գրապահոցներին՝ խոստանալով մի քանի տարի անց լինել այս ընթերցասրահի ամենասպասված ուսանողները:
Աշակերտներին սպասվում էր մեծ անակնկալ. նրանք գրադարանում հանդիպեցին նաև իրենց դասագրքերի հեղինակներ մանկավարժական գիտությունների թեկնածու Սուրեն Իսկանդարյանին, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Լիլիթ Տեր-Գրիգորյանին, Սկզբնական կրթության ֆակուլտետի դեկան մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Հեղինե խաչատրյանին ու Հայոց լեզվի և տարրական ուսուցման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Աշոտ Գալստյանին:
Հանդիպման ավարտին միջոցառման նախաձեռնող Սկզբնական կրթության ֆակուլտետը աշակերտներին նվիրեց ուղղագրական ու հատուկ անունների բառարաններ, տետրեր և հուշանվերներ, իսկ Տիգրան Պետրոսյանցը դպրոցի գրադարանին նվիրեց իր հեղինակած «1000 հայազգի գեներալներ, ծովակալներ» և «Խենթերը» գրքերը:



