Գեղարվեստական կրթության ֆակուլտետում այսօր բացվեց «Ձմեռային տպավորություններ» խորագիրը կրող ցուցահանդես, որում ներկայացված էին 5 ուսանողի շուրջ 28 գեղանկարներ

և գրաֆիկական աշխատանքներ:
Դավիթ և Արփի Շահվերդյանները, Արաքսյա Ավեյանը, Սոֆի Հարությունյանն ու Սամսոն Բադայանն իրենց նկարներում պատկերել էին ձմեռն իր ողջ շուքով և գեղեցկությամբ՝ գյուղական և քաղաքային տեսարաններում, բնության գողտրիկ պեյզաժներում արտացոլելով ձմեռային արձակուրդների անմոռաց տպավորությունները:
Ներկայացված աշխատանքների առաջին դիտողներից մեկը Կերպարվեստի ամբիոնի վարիչի պաշտոնակատար, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՌԴ կրթության ակադեմիայի ակադեմիկոս Լեմս Ներսիսյանն է: Վերջինս գոհ է կատարված աշխատանքից և կարծում է, որ նկարչի ամենալավ ուսուցիչը բնությունն է. «Ցուցահանդեսը կազմակերպած ուսանողների խումբը բավականին արհեստավարժ է և ուսումնական տեսանկյունից նրանց աշխատանքները գերազանց եմ գնահատում»:
Պրոֆեսորը նկատում է՝ ցուցահանդեսները վարակում են ուսանողներին. ինքնահաստատման համար նկարիչ-մանկավարժը պարտադիր պետք է անհատական ցուցահանդես ունենա և մասնակցի նաև խմբայիններին:

«Եռանկյուն» լաբորատորիա-ակումբի նախագահ, Կերպարվեստ և գծագրություն բաժնի 4-րդ կուրսի ուսանող Դավիթ Շահվերդյանը ցուցահանդեսում ներկայացրել է 6 աշխատանք:
« Ցուցահանդեսին մասնակցած բոլոր ուսանողները վերոնշյալ ակումբի անդամներ են: Ակումբի ծրագրերից է թեմատիկ ցուցահանդեսների կազմակերպումը, որով արտահայտում ենք մեր անմիջական տպավորությունները և ոչ թե մտքի թռիչքը»:
Ցուցահանդեսին ամենաշատ աշխատանքներ ներկայացրած Արաքսյա Ալոյանը շուրջ մեկ ամիս պատրաստվել է ցուցադրությանը՝ այն համարելով մասնագիտական ունակությունները կատարելագործելու ճիշտ ուղի. «Ներկայացված բոլոր աշխատանքներում էլ կան թերություններ: Մենք պրոֆեսիոնալներ չենք և պետք է միանշանակ ընդունենք մեր նկարներին ուղղված քննադատությունները. եթե քննադատում են, ուրեմն դիտել են և նկատել»:
Նշենք, որ ցուցադրությունը կշարունակվի մինչև մարտի 7-ը: