Հատուկ կրթության ֆակուլտետը հաճախ է հանդես գալիս նախաձեռնություններով, որոնք նպաստում են սահմանափակ կարողություններ ունեցողներին իրենց զգալ հասարակության լիիրավ անդամ:
Այդ շրջանակում այսօր Մանկավարժական համալսարանում հյուրընկալվել էին Երևանի լսողության խանգարում ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրի աշակերտներն ուուսուցիչները:
Վերջիններս շրջեցին թանգարանում և սուրդոթարգմանչուհի Անիկ Վարդանյանի մեկնաբանմամբ ծանոթանացան բուհի պատմությանը, տարեգրությանը, պրոֆեսորադասախոսական կազմին, անվանի շրջանավարտներին:
Տեսածով տպավորված՝ նրանք այցելեցին նաև գիտական գրադարան. հյուրընկալ ու ջերմ մթնոլորտն անմիջապես գրավեց երեխաներին. նրանցից մի քանիսը ընդունեցին գրադարանի տնօրեն, պատմաբան, մշակութաբան, լրագրող Տիգրան Պետրոսյանցի առաջարկը՝ լինել գրադարանի մշտական այցելու:
«Գրքերի աշխարհը տիեզերք է անեզր»՝ Եղիշե Չարենցի «Տաղ` ձոնված գրքերին» ստեղծագործությունից հատված մեջբերեց Տիգրան Պետրոսյանցն ու հյուրերի հետ շրջեց գրադարանում, նրանց ծանոթացրեց գրականության հարուստ ցանկին՝ նշելով, որ այդ բոլոր գրքերը սպասում են իրենց: Աշակերտները հաճելիորեն զարմացան՝ իմանալով, որ լավագույն ընթերցողները գնահատվում են և արժանանում խրախուսանքի:
Չխախտելով բարի ու լավ ավանդույթը՝ Տիգրան Պետրոսյանցը գրքեր նվիրեց նաև նրանց դպրոցի գրադարանին:

Հյուրերը եղան նաև Հատուկ կրթության ֆակուլտետում, որտեղ ծանոթացան բուհի բոլոր՝ և հատկապես այդ ֆակուլտետի բաժիններին, մասնագիտություններին, միջազգային համագործակցությանը, հատուկ կրթության բնագավառի առաջատար հաստատություններին:
Ֆակուլտետի դեկան, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմինե Ավագյանն իր գործընկերների անունից վստահեցրեց, որ պատրաստ են սիրով աջակցել նրանց նաև ուսումնառության ընթացքում:
Դեկանը տեղեկացրեց, որ «Տեմպուս»-ի շրջանակում նախատեսվում է համալրել դասախոսական կազմը՝ որոշակի խնդիրներ ունեցող ուսանողների հետ աշխատելու նպատակով:
Միջազգային մրցույթների մասնակից, պարուհի Իրինա Սողոմոնյանը սիրում է սովորել, իսկ Մանկավարժականում սովորելու մասին՝ երազում: Բուհում շրջելուց հետո հասկացել է, որ հենց այստեղ կարող է իրականացնել ծնողների երազանքը՝ ստանալ բարձրագույն կրթություն և դառնալ լեզվաբան:
Նրա համադասարանցի Գրետա Ավագյանն արդեն երկրորդ անգամ է Մանկավարժականում: Նա խոստովանում է՝ հիացած է տեսածով. բուհի թանգարանը, գրադարանն ու Հատուկ կրթության ֆակուլտետ կհրավիրի նաև իր ընկերներին:
Աշակերտները ակտիվորեն մասնակցեցին հարց ու պատասխանին. նրանք հետաքրքրվեցին բոլոր այն պայմաններով, որոնք թույլ կտան իրենց նույնպես սովորել Մանկավարժական համալսարանում:
Աշակերտներին ուղեկցող ուսուցիչները հաստատեցին՝ բարձրագույն կրթություն ստանալու համար այս աշակերտներն ունեն համապատասխան կարողություններ, պարզապես պետք է աջակցել նրանց՝ հաղթահարելու համար իրենց առջև ծառացած խնդիրները: