ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մանկավարժականը` Տեմպուսի ASPIRE նախագծի մասնակից
04.03.2013
Եվրասիա միջազգային համալսարանում տեղի ունեցավ ՏԵՄՊՈՒՍ IV ծրագրի «Հատուկ կարիքներով մարդկանց հասանելիությունը հասարակությանը» (ASPIRE) նախագիծը:
ՀՀ Կրթության և գիտության նախարարության աջակցությամբ անցկացվող ծրագրում Հայաստանի, Վրաստանի և եվրոպական մի շարք երկրների բուհերի շարքում ներգրավված է նաև Մանկավարժականը:
Ծրագրի անդամ բուհերը հատուկ կարիքներով անհատների համար կմշակեն և կիրականացնեն մասնագիտական կրթական ծրագրեր:
Ծրագրի իրականացման երեք տարիներին եվրոպական բուհերի ներկայացուցիչները կներկայացնեն և կտեղայնացնեն իրենց հաջող փորձը` վերապատրաստումների, փորձի փոխանակման այցերի, բակալավրիական, մագիստրոսական և ասպիրանտական կրթական ծրագրերի համատեղ մշակման միջոցով:
«Մեր երկրում չափազանց կարևոր է հեռավար ուսուցումը, որը հատուկ կարիքներով մարդկանց ստվար զանգվածի համար կարող է դառնալ կրթություն ստանալու արդյունավետ միջոց: Այս առումով իր հատուկ դերակատարումը կարող է ունենալ Մանկավարժական համալսարանը, որը հանրապետությունում հատուկ մանկավարժներ պատրաստող միակ բուհն է: Վստահ եմ` հատուկ մասնագետները պատրաստակամ կլինեն աշխատել սահմանափակ կարողություններ ունեցող ուսանողների հետ»,-ասաց Եվրասիա միջազգային համալսարանի ռեկտոր աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Օհանյանը:
Վերջինս կարևորեց հատուկ մանկավարժների մասնագիտական որակներն ու նրանց փորձի փոխանակումը ոլորտի առաջատար մասնագետների հետ:
Եվրասիա միջազգային համալսարանում հատուկ կրթության խնդիրներին անդրադարձան և ծրագրի բովանադկությունը ներկայացրին Հայաստանում վերապատրաստման դասընթացներ անցկացնող Անգիայի, Գերմանիայի, Իռլանդիայի և Սլովակիայի փորձագետ -մասնագետները:
Անգլիայի Էդջ Հիլ համալսարանի Կրթության ֆակուլտետի պրոֆեսոր, դոկտոր Ֆիոնա Հալլետտը նշեց, որ ոլորտում առկա խնդիրների հաղթահարման համար նախատեսվում է իրականացնել մարդկային ռեսուրսների կարողության և մասնագիտական կրթական ծրագրերի զարգացմանը միտված դասընթացներ:
Ուշագրավ էր նաև Կոշիցեի տեխնիկական համալսարանի փորձը.այն ներկայացրեց Հատուկ կարիքներով ուսանողների աջակցության կենտրոնի տեխնիկական խորհրդատու Ելենա Գայդովան: Ի դեպ, նման կենտրոններ Հայաստանում գործում են մի շարք դպրոցներում, սակայն բուհական համակարգում դրա նախադեպն առայժմ չկա:
Օտարերկյա մասնագետների հետ հանդպմանը ներկա էին նաև Մանկավարժական համալսարանի Հատուկ կրթության ֆակուլտետի գիտության և հետբուհական կրթության գծով դեկանի տեղակալ, մանկավարժական գիտությունների թեկնածու Թերեզա Ազատյանը, ֆակուլտետի մի շարք ուսանողներ: