Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետում այսուհետ կգործեն ուսանող հետազոտողների խմբեր, որոնց միջոցով ֆակուլտետում կիրականացվեն գիտահետազոտական,

կրթական և նորարարական գործընթացներ:
Նախաձեռնության նպատակն է բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների մոտ բարձրացնել գիտահետազոտական գործունեության նկատմամբ հետաքրքրությունը, ձևավորել հետազոտական կարողություններ, հմտություններ, աշխուժացնել գիտական ընկերության աշխատանքները:
«Պրոֆեսորադասախոսական կազմի աջակցությամբ կշարունակենք կազմակերպել գիտագործնական սեմինարներ, ուսանողներին կծանոթացնենք գիտահետազոտական աշխատանքների իրականացման ձևերին, պահանջներին, չափանիշներին.դա ևս կնպաստի հետազոտությունների արդյունավետությանը»,- armspu.am-ի հետ զրույցում նշեց նախաձեռնության հեղինակ, Գիտության և հետբուհական կրթության գծով դեկանի տեղակալ, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Հակոբ Թադևոսյանը:
Վերջինս տեղեկացրեց, որ կատարված հետազոտությունների արդյունքների հիման վրա ֆակուլտետում կկազմակերպվեն գիտական ներկայացումներ, քննարկումներ, իսկ լավագույն աշխատանքները հոդվածների տեսքով կներկայացվեն տպագրության:
Նշենք, որ հետազոտությունների անցկացման համար ընտրված են կրթության, գիտության, մշակույթի և հոգևոր կյանքի սոցիոլոգիայի, հոգեբանության, սոցիալական մանկավարժությանը վերաբերող հիմնահարցեր:
