ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Գիտագործնական սեմինար
04.03.2013
Սկզբնական կրթության ֆակուլտետը մեկնարկել է<<Ինչպե՞ս գրել գիտական աշխատանք>> խորագրովգիտագործնական սեմինարների շարքը:
Ինչպե՞ս գրել գիտական տեքստ. այս հարցի պատասխաններն այսօր ուսանողներն ստացան պրոֆեսոր Աշոտ Տեր-Գրիգորյանի անվան Մայրենիի և նրա դասվանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Աշոտ Գալստյանի զեկուցումից:
Սկզբնական կրթության ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերության նախաձեռնությամբ կազմակերպված գիտագործնական զեկուցման ընթացքում լեզվաբանը ներկայացրեց տեքստի տարբեր տեսակները՝ հատկապես գիտական տեքստը, դրա ընդհանուր բնութագիրն ու կառուցվածքը՝ տիտղոսաթերթից մինչև գրականության ցանկ:
«Ուսումնական ծրագրերում այս հարցին անդրադարձ կատարվում է միայն հայոց լեզվի «Ոճագիտություն» բաժնում, այն էլ՝ ոչ ամբողջ խորությամբ և ընդգրկմամբ: Կարծում եմ՝ նման սեմինարները կնպաստեն ուսանողների աշխատանքների՝ առավել գիտական և ճշգրիտ լինելուն»,-նշեց Աշոտ Գալստյանը՝ իր պատրաստակամությունը հայտնելով մասնակցել այլ թեմաների շուրջ կազմակերպված գիտագործնական հանդիպումներին:
Սկզբնական կրթության ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերության նախագահ Աննա Ավետիսյանն այսօրվա միջոցառումը նպատակային է համարում բոլոր ուսանողների համար. «Ուսումնառության տարիներին յուրաքանչյուր դասախոս թելադրում է գիտական աշխատանքի իր ձևաչափը, որի արդյունքում ավարտական աշխատանքը երբեմն չի տարբերվում կուրսային աշխատանքից կամ ռեֆերատից»:
Սեմիանարին ներկա ուսանողնեը միևնույն կարծիքին էին. սա կարևոր տեղեկատվություն էր գիտական աշխատանքներ գրելու նախաշեմին:
Մանկավարժություն և մեթոդիկա մասնագիտության (տարրական կրթություն) 3-րդ կուրսի ուսանողուհի Աստղիկ Արշակյանը համոզված է՝ նախորդ և հաջորդիվ գիտական աշխատանքները միանշանակ կտարբերվեն իրարից թե´ ձևաչափով, թե´ բովանդակությամբ. ստացած ինֆորմացիան կկոնկրետացնի իրենց գիտելիքները գիտական տարբեր աշխատանքներ գրելիս:
Նշենք, որ սեմինարին ներկա էին Ուսումնագիտական գծով պրոռեկտոր, հոգեբանական գիտություների դոկտոր, պրոֆեսոր Սրբուհի Գևորգյանը, Սկզբնական կրթության ֆակուլտետի դեկան մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Հեղինե Խաչատրյանը, տարբեր ֆակուլտետների բազմաթիվ ուսանողներ:
Գիտագործնական սեմինարները շարունակական են լինելու:Առաջիկայում զեկույցներով հանդես կգան ակադեմիկոս Գ. Բրուտյանը, դոցենտ Ս. Փիլոսյանը, Լ. Պողոսյանը և ուրիշներ:
Շարքը կամփոփվի կլոր սեղանով, ուր ուսանողները կքննարկեն իրենց ձեռքբերումները՝ ներկայացնելով առաջարկություններ հետագայում նոր սեմինարներ անցկացնելու համար:
Դրանք միտված կլինեն ուսանողների կրթական կարիքները բավարարելուն: