Մանկավարժական համալսարանում հայ մեծ գրող Հովհաննես Թումանյանի մահվան 90-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպվել էրգրական-երաժշտական ցերեկույթ:
Մարդկային տեսակները, միջավայրը, որին ձգտում էր բանաստեղծը, նրա քնարական վերհուշից թևածող կարոտի զգացումն ու ապրումները քառյակների, բանաստեղծությունների և պոեմների միջոցով րոպեների ընթացքում դարձան հանդիսատեսի սեփականությունը:
Բուհի ուսանողներն ու մանկավարժները լոռեցի գրողի ստեղծագործական ողջ ժառանգությունը ներկայացրին ինչպես որ կա`արտասովոր, զուլալ, պարզ ու խորունկ.«Նա սիրում է մարդուն, երազում, որ մարդն էլ մայր բնության պես լինի գեղեցիկ ու հավերժական: Միայն Թումանյանը` մեծ մարդասերը, կարող էր երազել աղտից մաքրված աշխարհի մասին»,- իր խոսքում նշեց Բանասիրական ֆակուլտետի ուսանողուհի Վանուհի Բահրամյանը:
Ամենայն հայոց բանաստեղծի ստեղծագործությունները ներկայացվեցին ջութակի և դաշնամուրի նվագակցությամբ:
«Գրողների միության հետ համատեղ կազմակերպված այս գրական-երաժշտական միջոցառումն ունի ուսուցողական մեծ նշանակություն: Ուրախ եմ, որ մեր ուսանողները հետաքրքրված են գրականությամբ. Թումանյանին պետք է կարդալ ամեն օր»,-ասաց «Մշակույթի կենտրոն»-ի տնօրեն,պրոֆեսոր Արկադի Շեկունցը:



