ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Հարգեցին Սպարապետի հիշատակը
05.03.2013
Ամեն տարի մարտի 5-ին տարբեր նախաձեռնություններով նշվում է Սպարապետ, Հայաստանի և Արցախի ազգային հերոս, ՀՀ ԵԿՄ հավերժ նախագահ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը:
Մանկավարժական համալսարանը մի շարք միջոցառումներով անմասն չմնաց ևս մեկ անգամ հարգանքի տուրք մատուցելու Սպարապետի հիշատակին:
Բուհի Ուսանողական խորհրդի, Արհեստակցական կազմակերպության և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախաձեռնությամբ շուրջ 50 ուսանողներ այցելեցին Վազգեն Սարգսյանի ծննդավայր՝ Արարատ:
Ծաղկեպսակ դնելով Սպարապետի հուշակոթողին՝ ուսանողները շրջեցին նրա անունը կրող տուն-թանգարանում, ծանոթացան նրա 40-ամյա կյանքն ու գործունեությունը ամփոփող ցուցանմուշներին, հեղինակած գրքերին:
Ուսանողական խորհրդի նախագահ Ներսիկ Մարգարյանը կարևորեց հատկապես ապագա մանկավարժների մասնակցությունը այս նախաձեռնությանը. նրանք են կրթելու, դաստիարակելու և գալիք սերունդներին փոխանցելու Սպարապետի հայրենասիրական պատգամը:
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության խորհրդի անդամ Վոլոդյա Գասպարյանը այս օրը նշանակալի է համարում յուրաքանչյուր հայի համար. «Սպարապետի կերպարն ու նվիրկան գործունեությունը վառ օրինակ են ապագա սերունդներին հայրենասիրությամբ դաստիարակելու համար: Պետք է պահպանել այն հպարտությունը, որը ձեռք էր բերել Սպարապետը պատերազմի ընթացքում»:
Ուսանողներն այցելեցին նաև Վազգեն Սարգսյանի անվան զորամաս, ուր նրանց ջերմորեն դիմավորեցին հրամանատարական կազմն ու զինվորները:
Գնդի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Համլետ Ավոյանը նշեց՝ զորամասի ողջ անձնակազմի համար օրը ոգեշնչող է. «Ազնվությամբ ու պարտականությունների ճիշտ կատարմամբ զինծատայողներն ապացուցում են, որ արժանի են հենց այս զորամասում ծառայելուն»:
Փոխգնդապետը հավաստիացրեց՝ նմանատիպ նախաձեռնությունները լրացնում են զինվորների առօրյան՝ միաժամանակ ռազմահայրենասիրական ոգի հաղորդելով ներարկելով նաև ուսանողների մեջ:
Կրտսեր սերժանտ Արթուր Միրզոյանը կրկնակի հպարտ է. Մանկավարժական համալսարանի շրջանավարտը լինելով հանդերձ ծառայում է Սպարապետի անունը կրող զորամասում, ուր յուրարաքանչյուր պահի հնչում է Վազգեն Սարգսյանի խոսքը՝ Բանակն ազգային արժեք է. սա մեր անկախության ամենամեծ ձեռքբերումն է:
Միջոցառման կազմակերպիչներից է նաև ավագ սերժանտ Արմեն Խաչատրյանը: Վերջինս ուրախ է Մանկավարժականի ուսանողներին զորամասում կրկին հյուրընկալելու համար. «Այսօրվա միջոցառումը ևս մեկ անգամ արժևորեց Վազգեն Սարգսյանի նվիրական գործունեությունն ու նրա անգնահատելի ավանդը բանակաշինության գործում: Մենք պարտավորվում ենք բարձր պահել նրա անունն ու բարի համբավը»:
Մանկավարժական համալսարանի Արհեստակցական կազմակերպությունը վերջերս կազմակերպել էր գրքահավաք, որի արդյունքում հավաքված շուրջ 150 նմուշ գիրք համալրեց զորամասի գրադարանը:
Զորամասի հրամանատարությունն իր երախտագիտությունը հայտնեց Մանկավարժական համալսարանին՝ մշտապես գրականություն նվիրելու, զինվորների առօրյան հետաքրքիր դարձնելու և բանակ-հասարակություն կապը ամրապնդելու համար:
Հանդիպման ավարտին Ուսանողական խորհրդի նախագահ Ներսիկ Մարգարյանը բարեխիղճ ծառայության համար մի խումբ զինվորների հանձնեց պատվոգրեր և հուշանվերներ: