ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ավարտական դիպլոմներ մագիստրոսներին
06.03.2013
Այսօր Մանկավարժական համալսարանի Հատուկ կրթության և Սկզբնական կրթության ֆակուլտետների 6 մասնագիտությունների գծով 2012-2013 ուսումնական տարվա 105 մագիստրոսներ ստացան ավարտական դիպլոմներ:
Գերազանց առաջադիմությամբ 53 շրջանավարտներ իրենց ավարտական դիպլոմները ստացան անձամբ բուհի ռեկտորից:
Ռուբեն Միրզախանյանը, շնորհավորելով մագիստրոսներին, ասաց.« Ձեր ավարտական թեզերն արժանացել էին հանձնաժողովի անդամների բարձր գնահատականին: Բուհը տարեցտարի կրում է հսկայական դրական փոփոխություններ` փորձելով բարելավել նաև կրթության որակը: Դուք ձեր գործունեությամբ և աշխատանքով պետք է ապացուցեք, որ այս դիպլոմն իրական արժեք ունի: Ցանկանում եմ, որ կապը հարազատ կրթօջախի հետ պահպանվի, իսկ մասնագիտական գործունեության ընթացքում շարունակեք խորհրդակցել ձեր դասախոսների հետ»:
Միանալով հնչած բարեմաղթանքներին` Հատուկ կրթության ֆակուլտետի դեկան Արմենուհի Ավագյանը նշեց, որ իրենց շրջանավարտներից շատերն ուսումնառության ընթացքը համտեղել են աշխատանքի հետ, իսկ մագիստրոսներից մի քանիսն էլ մասնագիտությամբ աշխատելու առաջարկ են ստացել հանձնաժողովի անդամներից` ավարտական քննությունների ժամանակ.«Մանկավարժության, հոգեբանության և բժշկության բնագավառների կիզակետում գտնվող հատուկ մանկավարժները ուսումնառության ընթացքում զինվել են մասնագիտական առավելագույն հմտություններով: Վստահ եմ`նրանք գործնականում կկիրառեն ստացած գիտելիքները` բարձր պահելով նաև բուհի բարի համբավը»:
Հատուկ կրթության ֆակուլտետի ուսանողուհի Լիլիթ Հակոբյանը Մանկավարժականն ավարտեց գերազանցության դիպլոմով: Ապագա լոգոպեդի համար ուսումնառության մեկուկես տարին պատասխանատու է եղել.այս ընթացքում զբաղվել է նաև գիտական աշխատանքով.«Համակուրսեցիներիցս շատերն այսօր արժանացան կարմիր դիպլոմի, ինչը ևս խոսուն փաստ է, որ մեր բուհում կրթությունը դրվել է նոր հարթության վրա`համապատասխանեցնելով միջազգային չափանիշներին»:
Դիպլոմների հանձնմանը ներկա էին նաև Հատուկ կրթության ֆակուլտետի քննական հանձնաժողովի նախագահ, Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ֆիզիոլոգիայի և սպորտային բժշկության ամբիոնի պրոֆեսոր Մարինա Աղաջանյանը, Ուսումնական և գիտամեթոդական գործունեության համակարգման վարչության պետ, պրոռեկտոր Մհեր Մելիք-Բախշյանը, Ուսումնագիտական գծով պրոռեկտոր, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սրբուհի Գևորգյանը, ֆակուլտետների պրոֆեսորդասախոսական կազմը: