ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Այցելեցին ավագ դպրոցներ
06.03.2013
Այսօր Սկզբնական կրթության ֆակուլտետի ներկայացուցիչներն այցելել էին Էջմիածնի դպրոցներ՝ աշակերտներին ծանոթացնելու Մանկավարժական համալսարանին՝ հատկապես Սկզբնական կրթության ֆակուլտետին:
Ֆակուլտետի դեկան մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Հեղինե Խաչատրյանը ներկայացրեց ֆակուլտետի կառուցվածքը, ուսումնական ծրագրերը, պրակտիկայի ընթացքը: Վերջինս կարևորեց մանկավարժի մասնագիտությունը՝ նշելով, որ տարրական դասարանների ուսուցիչ լինելը մեծ պատիվ է յուրաքանչյուրի համար. նրանք անմոռաց են և շատ սիրելի:
Գիտության գծով դեկանի տեղակալ Լուսինե Պողոսյանը, ֆակուլտետի ՈւԽ նախագահ Աննա Սարգսյանն ու մագիստրոսները ներկայացրին ուսումնական գործընթացում կազմակերպվող միջոցառումները, հասարակական ակտիվ գործունեության կարևորությունն ու լավագույն ուսանող լինելու նախապայմանները:
Աշոտ Տեր-Գրիգորյանի անվան մայրենիի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Աշոտ Գալստյանը ներկայացրեց Սկզբնական կրթության ֆակուլտետ ընդունվելու համար անհրաժեշտ քննությունները և իր պատրաստակամությունը հայտնեց ընդունելության քննությունների նախաշեմին նախապատրաստական դասընթացներ կազմակերպել հայոց լեզու և գրականություն առարկայից:
Վաղարշապատի Մովսես Խորենացու անվան №10 ավագ դպրոցի 4 հոսքերում սովորում է 387 աշակերտ:
Տնօրեն Հայկ Բաղդասարյանը կարծում է, որ ավագ դպրոցը դեռ կայացման ճանապարհին է, որի ընթացքում խիստ կարևոր է հատկապես Մանկավարժական համալսարանի և դպրոցների կապը. «Փոխադարձ այցելությունները կնպաստեն, որ բուհն առավել տեղեկացված լինի դպրոցի խնդիրներին. դա կնպաստի բուհի ուսումնական գործընթացում ևս որոշակի շտկումներ կատարելուն »:
Նույն դպրոցի հումանիտար հոսքի 12-րդ դասարանի աշակերտ Արան ընտրել է իրավաբանի մասնագիտությունը, սակայն բարձր է գնահատում մանկավարժի դերն ու նշանակությունը յուրաքանչյուր մարդու կյանքում: Նա էլ ընկերների նման համոզված է, որ մասնագիտական կողմնորոշմանը մեծապես կնպաստեն բուհերի հետ հաճախակի հանդիպումները:
Շուրջ 661 աշակերտ ունեցող Գրիգոր Նարեկացու անվան №2 ավագ դպրոցի տնօրեն Ալվարդ Հայրապետյանը նշեց, որ 12-րդ դասարանի աշակերտներն արդենիսկ կողմնորոշվել են մասնագիտության ընտրության գործում, իսկ նրանցից կրտսերների համար այս հանդիպումը որոշ չափով կողմնորոշիչ կլինի: Պատմության ուսուցչուհի Բահար Եղիազարյանն էլ կոչ արեց աշակերտներին՝ արժևորել և ընտրել մանկավարժի մասնագիտությունը:
Ֆակուլտետի ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը Մաքսիմ Գորկու անվան №5 դպրոցի աշակերտների հետ էր, որոնք, տնօրենի հավաստմամբ, նշանակալի հաջողություններ են ունեցել բազմաթիվ օլիմպիադաներում:
Հանդիպման ընթացքում պարզվեց, որ հումանիտար հոսքի 12-րդ դասարանի աշակերտուհի Աննան արդեն որոշել է դիմել Մանկավարժական համալսարանի Սկզբնական կրթության ֆակուլտետ: Վերջինս հաճելիորեն զարմացավ, որ ընդամենը մեկ տարի հետո պիտի լինի այդ ֆակուլտետի Բանավեճի ակումբի անդամն ու օգտվի համալսարանում ստեղծված ուսումնական ժամանակակից պայմաններից:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Էօրնեկեան հանրակրթական դպրոցի ավագ դպրոցի աշակերտների հետ հանդիպումն ապացուցեց՝ նրանցից քչերն են տեղեկացված Մանկավարժականում գործող մասնագիտություններին, ուսումնական պայմաններին:
«Մանկավարժ պետք է դառնա այն մարդը, ով բնությունից է օժտված այդ հմտություններով»,- կարծում է բնագիտական հոսքի 11-րդ դասարանի աշակերտ Արմենն ու ավելացնում, որ ազգային ավանդույթների պահպանման գործում շատ կարևոր է մանկավարժի անփոխարինելի դերը:
Նշենք, որ Սկզբնական կրթության ֆակուլտետի ներկայացուցիչները առաջիկայում կայցելեն նաև հանրապետության այլ դպրոցներ: