ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ցուցադրվեցին ՀՊՄՀ կին դասախոսների գրքերը
07.03.2013
Այսօր Մանկավարժական համալսարանի Գիտական գրադարանում մարտի 8-ին ընդառաջ կազմակերպվել էր ՀՊՄՀ կին դասախոսների հրատարակած գրքերի ցուցահանդես, որտեղ ներկայացված էին 150 հեղինակի շուրջ 250 մասնագիտական և գեղարվեստական գործեր:
Գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանցը, շնորհավորելով կանանց միջազգային օրվա` մարտի 8-ի կապակցությամբ, ասաց. «Մեզնից յուրաքանչյուրը հիշվում է իր թողած ժառանգությամբ. գիրքն այդ գործում ունի իր ուրույն նշանակությունը: Այսօրվա ցուցահանդեսը վերածվեց գրադարանային գեղեցիկ միջոցառման:
Ներկայացված գրքերից մի քանիսն ընդամենը օրեր առաջ են հրատարկվել. վստահ եմ` դրանք մեր ուսանողների համար կդառնան իրենց ամենօրյա աշխատանքի անբաժան մասը»:
«Մաշի ձեռքս, դառնա ի հող, գիրս մնա հիշատակող»,-ներկաներին այս խոսքերով ողջունեց բազմաթիվ գրքերի հեղինակ, Հայ գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աելիտա Դոլուխանյանը, ում համար ստեղծագործող կինը եռակի կին է:
Վերջինիս դիտարկմամբ 21-րդ դարի հայ կինը շատ տարբերվում է 19-րդ և 20-րդ դարերի հայ կանանցից. նրա պատասխանատվությունն ու հոգսը մեր օրերում կրկնապատկվել է:

Պրոֆեսորի դիտարկմամբ պատահական չէ նաև այն, որ մի շարք երկրներ նոր ուղի են սկսել հենց կին ղեկավարների օրոք. «Կարծում եմ կանայք մեծ հնարավորություններով են օժտված և անհրաժեշտ է ճիշտ օգտագործել դրանք: Բոլոր ժամանակներում հայ կինը եղել է ազգային լավագույն ավանդույթների կրողն ու փոխանցողը: Նա միշտ հոգատարությամբ և արժանապատվությամբ է կատարել իր առաքելությունը` բարձրացրնելով հայ տղամարդուն»:
Օտար լեզուների դասավանդման մեթոդիկայի ամբիոնի պրոֆեսոր Բելլա Եսաջանյանը ևս ընդգծեց հայ կնոջ դերակատարումը գիտակրթական ոլորտում, իսկ Ուսումնագիտական գծով պրոռեկտոր, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սրբուհի Գևորգյանն էլ նշեց` ցուցադրությանը ներկայացված հեղինակներից շատերի թողած ժառանգությունն իր համար նորություն է:
«Հպարտ եմ, որ Մանկավարժական համալսարանում իրենց գործունեությունն են ծավալում այնպիսի կանայք, որոնց գրքերի բովանդակությունն ու խորությունը յուրացնելը հնարավորություն է տալիս ապրել մասնագիտական նոր վերելքներ»:
Հայոց լեզվի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լալիկ Խաչատրյանը, շնորհավորելով կանանց գարնան տոնի առթիվ, նշեց. «Կանանց մեծագույն երջանկությունը որդեծնությունն է, իսկ երբ կինն այդ հերոսության կողքին արարում է հոգևոր- մշակութային արժեքներ, որոնք նաև կենսագրություն են ստանում ու մտնում մեր կյանք` կանանց կշիռը եռապատկվում է»:
Նշենք, որ ցուցադրությունը կտևի մինչև ապրիլի 7-ը: