Մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետի հեռուստալրագրության բաժնի 1-ին կուրսի ուսանողներն օրեր առաջ հյուրընկալվել էին ՀՀ Աշխատանքի եւ

սոցիալականհարցերի նախարարության Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը:
Ապագա լրագրողները հանդիպեցին մանկատան «Նոր աստղեր» խմբի որդեգրության ենթակա 18 սաներին.նրանք իրենց դաշնամուրային գեղեցիկ կատարումներով հուզեցին ուսանողներին:
Վերջիններս ծնողական խնամքի կարիք, մտավոր եւ ֆիզիկական արատներ ունեցող երեխաներին նվիրեցին հագուստ, քաղցրավենիք և այլ պարագաներ:
«Հաճելի է` թեկուզ փոքրիկ, բայց ի սրտե արված նվերների միջոցով երեխաներին պարգևել ժպիտ և ուրախություն: Ես սիրեցի նրանց.փայլող աչքերում տեսա սեր, հույս, երազանք: Վստահ եմ` կյանքում մի շարք դժվարությունների հանդիպած, բայց ապագայի նկատմամբ հավատով լցված այս փոքրիկները կապաքինվեն և կլինեն ծնողների կողքին»,-ասաց ապագա հեռուստալրագրող Գրիգոր Գևորգյանն ու խոստացավ` համակուրսեցիների հետ այցելությունները մանկատներ կլինեն շարունակական:
Նշենք, որ Մարի Իզմիրլյանի անվան մանկատան 95 սաներից 84–ը դպրոցականներ են: Մասնագիտական կողմնորոշման նպատակով մանկատանը կազմակերպվում են թատերական, ասեղնագործական, գորգագործական, կարուձևի, պարի, նկարչության դասընթացներ: Երեխաներից շուրջ 40–ը մասնակցում է Երեւանի թիվ 2 արվեստի դպրոցի դաշնամուրի, ջութակի, հարվածային գործիքների, վոկալի խմբակներ:
Նազելի Գրիգորյան
Հեռուստալրագրության 1-ին կուրս