ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մանկավարժականում իրականացվեցին հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքներ
12.03.2013
Այսօր Մանկավարժական համալսարանի ուսումնական 3-րդ մասնաշենքում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության կողմից անցկացվեց «Հրդեհաշիջումը և փրկարարական աշխատանքների իրականացումը ուսումնական հաստատությունում» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն:
Ուսումնավարժության նպատակն էր կատարելագործել բուհի աշխատակազմի` արտակարգ իրավիճակների ժամանակ ազդարարման և տարահանման գործընթացների իրականացման հմտությունները, ինչպես նաև բարձրացնել հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքները ղեկավարող անձանց գործնական հմտությունները, ներդաշնակել արձագանքող ուժերի գործողությունները:
Ուսումնավարժությունը մեկնարկեց պլանի համաձայն. մասնաշենքի 4-րդ հարկի խորհրդակցությունների դահլիճում տեղի էր ունեցել հրդեհ՝ մոտավորապես 100մ2 մակերեսով:
Առկա էր հրդեհի տարածման ու ծխապատման վտանգ և անհրաժեշտություն էր առաջացել տարհանել մասնաշենքի ուսանողներին և դասախոսական կազմը: Կային նաև 6 տուժածներ, որոնք ստացել էին տարբեր աստիճանի այրվածքներ և մարմնական վնասվածքներ:
Կարճ ժամանակ անց 3-րդ մասնաշենքի բակում էին հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնից 1 մարտական հաշվարկ, արտակարգ իրավիճակների արձագանքման բաժնի հերթապահ խումբը, հրշեջ փրկարարական ջոկատներ, ՀՀ ԱԻՆ ՓԾ բժշկական ապահովման վարչության պարամեդիկական խումբը, ոստիկանության Երևան քաղաքի վարչության Պարեկապահակային ծառայության ոստիկանության գնդի և ճանապարհային ոստիկանության 2-ական կարգախմբերը:
Ուսումնավարժությունն ընթացավ նախատեսված պլանի համաձայն՝ Մանկավարժական համալսարանի 3-ր մասնաշենքում կատարվեց հրդեհաշիջում և իրականացվեցին փրկարարական աշխատանքներ:
Ուսումնավարժությանը ներկա էր նաև ԱԻ նախարար Արմեն Երիցյանը: Վերջինս կատարված աշխատանքը բավարար գնահատեց՝ նշելով. «Նման ուսումնավարժություններ պետք է հաճախակի անցկացնել ոչ միայն ուսումնական հաստատություններում, այլև մարդաշատ այլ վայրերում. դա նաև միջազգային կազմակերպությունների պահանջ է»:
Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը կարծում է, որ ծառայության գերազանց աշխատանքը, վարժանքների ընթացքն ու բարեհաջող ավարտը մեկ անգամ ևս վստահություն ներշնչեցին Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատանքի վերաբերյալ:
«Մեր համալսարանում մեծ կարևորություն է տրվում արտակարգ իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելուն. ապագա ուսուցչի աշխատանքի ընթացքում դա խիստ կարևոր է»,-նշեց Ռուբեն Միրզախանյանը:
Գեղարվեստական կրթության ֆակուլտետի հագուստի մոդելավորում բաժնի ուսանողուհի Լիաննա Տոնելյանը մեկն էր տուժածներից, ում անհրաժեշտ էր դուրս բերել շենքից և ցույց տալ առաջին բուժօգնություն:
Ուսանողուհին խոստովանում է՝ կազմակերպված աշխատանքի և աշխատակազմի փորձառության շնորհիվ իրեն զգում էր ապահով ձեռքերում:
ՀՀ ԱԻՆ ծառայության Փրկարարական ուժերի վարչության, փրկարարական ուժերի նախապատրաստման և համակարգման բաժնի պետ, ցուցադրական վարժանքի ղեկավարման շտաբի պետ, գնդապետ Արմեն Գևորգյանի կարծիքով՝ ուսումնավարժության բոլոր մասնակիցներն էլ կարողացան հաղթահարել իրենց առջև դրված խնդիրները:
«Նման ուսումնավարժությունները խթանում են արագ արձագանքման, տարհանման և փրկարարական այլ միջոցառումների ճիշտ կազմակերպմանը»,-նշեց Արմեն Գևորգյանը՝ վստահեցնելով, որ նկատելի որոշ թերություններ կշտկվեն հետագայում:
Միջոցառման ավարտին բոլոր մասնակիցները միակարծիք էին՝ տեսական գիտելիքներն ամրապնդվեցին աննախադեպ գործնական պարապմունքներով. ուսումնավարժությունն օգնեց պատկերացնել ստեղծված իրավիճակն ու ճիշտ կողմնորոշվել: