Մանկավարժական համալսարանի Հատուկ կրթության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմն ու ուսանողները մասնակցեցին Ռուսաստանի Դաշնության Մոսկվայի Կրթության ակադեմիայի Շտկողական մանկավարժության ինստիտուտի կազմակերպած ինտերակտիվ (on-line) գիտաժողովին:
Հատուկ կրթության ժամանակակից հիմնախնդիրներին նվիրված գիտաժողովին մասնակցում էին Մոսկվայի, Չելյաբինսկի, Նովոսիբիրսկի, Կրասնոյարսկի և այլ երկրամասերի պետական մանկավարժական համալսարանների Հատուկ կրթության ֆակուլտետների ներկայացուցիչները:
Հատուկ մանկավարժներն on-line տիրույթում անդրադարձան ներառական կրթության համակարգին, ներկայացրին և քննարկեցին ոլորտում առկա բացերն ու հիմնախնդիրները:
Հատուկ կրթության ֆակուլտետի Հատուկ մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչ Ռոբերտ Ազարյանն օտարերկրյա գործընկերներին ներկայացրեց Ֆակուլտետը, կառուցվածքն ու մասնագիտացումները:
Վերջինս նշեց, որ Մանկավարժականի Հատուկ կրթության ֆակուլտետում պատրաստվում են օլիգոֆրենոմանկավարժներ, սուրդոմանկավարժներ, տիֆլոմանկավարժներ, լոգոպեդներ, նախադպրոցական հատուկ մանկավարժներ և հատուկ հոգեբաններ.տարածաշրջանում բարձրագույն ուսումնական միակ հաստատությունը, ուր կրթվում են նաև էրգոթերապիստներ:
Ռուսաստանի գործընկերները նշեցին` իրենք ևս առաջիկայում կօգտագործեն Մանկավարժականի փորձն ու էրգոթերապիստի մասնագիտացումը կներառեն ուսումնական ծրագրերում:
Ֆակուլտետի դեկան Արմենուհի Ավագյանն իր զեկույցում անդրադարձավ Հայաստանում հատուկ կրթության համակարգի ձևավորմանը, ներկայիս վիճակին, ներառական կրթություն իրականացնող հանրակրթական հաստատություններին:
«Ներառական կրթության գաղափարն այսօր էլ սխալ է ընկալվում.այն կարծիքը, թե կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխան հիվանդ է, անօգնական, չի կարող սովորել հանրակրթական դպրոցում, շարունակում է գերիշխել: Որոշ ծնողներ դեմ են իրենց երեխայի կողքին տեսնել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների, դեռևս հստակ մշակված չեն կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների գնահատման սկզբունքները, իսկ դպրոցական շենքերից շատերն էլ լիարժեք հարմարեցված չեն այս երեխաների կարիքներին»,-նշեց Արմենուհի Ավագյանը:
Վերջինս ընդգծեց` հանրապետությունում ակտիվորեն իրագործվում են կրթական համակարգի բարեփոխումներ, որոնք նպաստում են ներառական կրթություն իրականացնող դպրոցների զարգացմանը, առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին կրթական գործընթացում ներգրավմանը, պաշտպանված միջավայրի ստեղծմանը:
Ի դեպ, Մանկավարժական համալսարանի բոլոր ֆակուլտետների ուսումնական պլանները 2012-2013 ուստարվանից համալրված են ներառական կրթությանը վերաբերող համապատասխան առարկաներով, որոնք դասավանդվում են թե´ բակալավրիատում, թե´ մագիստրատուրայում: