ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ստեղծվել է նոր գրական ստուդիա
14.03.2013
«Միայն ազնիվ սիրտը կարող է իր ձեռքին գրիչ վերցնել». գրական ստուդիայի անդամներին այսպես ողջունեց ստուդիայի ղեկավար, Երևանի գրողների միության նախագահ, բանասիրական գիտությունների թեկնածու Աբգար Ափինյանը:
Այսօր կայացած գրական ստուդիայի առաջին պարապմունքի ընթացքում գրականագետը խորհուրդ տվեց մտորել մի քանի լրջագույն հարցերի շուրջ, որի պատասխանը պիտի իմանա յուրաքնաչյուր ստեղծագործող. ո՞վ է գրողը, ի՞նչ է լինելու այն գրականությունը, որն պիտի ստեղծեն գրական ստուդիայի անդամները, ո՞րն է գրական ստուդիայի անդամների հավատի հանգանակը և կա արդյո՞ք մշակութային ճգնաժամ:
Գրական ստուդիայի մասնակիցներին ողջունեց նաև գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանցը, ով, ըստ Աբգար Ափինյանի, այն զինվորն է, որը նախ զենքով, իսկ ներկայումս գրչով է պաշտպանում իր հայրենիքը:
Տիգրան Պետրոսյանցը կարևորեց ստուդիայի ստեղծումը՝ համարելով այն ստեղծագործողների հանգրվան. «Մարդը ստեղծագործելիս պետք է ուղենիշներ ունենա, անցնի այնպիսի պայմանների միջով, որոնք ավելի կընդգծեն բանաստեղծի ազատ խոսքը»:
Առաջին հանդիպումը նախատեսում էր նաև ծանոթություն մասնակիցների հետ: Բազմաթիվ բանաստեղծությունների հեղինակ Ժորա Հակոբյանը Գեղարվեստական կրթության ֆակուլտետի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող է: Ստուդիայի անդամը լինելու հրավեր ստացել է գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանցից. սիրով համաձայնել է. նրա կարծիքով՝ գրական ստուդիայի ստեղծումը մշակութային մեծ քայլ է, իսկ դրա անդամ լինելը՝ մեծ պատիվ:
Գրադարանի տնօրենը տեղեկացրեց, որ գրական ստուդիայի արդյունավետ աշխատանքի դեպքում տարեվերջին կտպագրվի լավագույն ստեղծագործությունների անթալոգիա:
Հանդիպման ավարտին Աբգար Ափինյանը կոչ արեց՝ հրավիրեք ծանոթ ստեղծագործողներին գրական ստուդիա, որի բոլոր մասնակիցները միևնույն նավի նավորդներ են:
Նշենք, որ գրական ստուդիայի պարապմունքները կանցկացվեն յուրաքանչյուր չորեքշաբթի հումանիտար գրականության ընթերցասրահում: