Բանավեճի ակումբում մեկնարկել է Ուսանողական Գիտական Ըկներության / ՈւԳԸ/ միջֆակուլտետային բանավեճերի երկրորդ փուլը:
«Համացանցը նպաստում է մանկավարժ-սովորող հարաբերություններին». այս թեմայի շուրջ էին այսօր բանավիճում Օտար լեզուների ու Պատմության և իրավագիտության ֆակուլտետների բանավեճի ակումբի անդամները:
Ըստ բանավեճի ձևաչափի՝ Օտար լեզուների ֆակուլտետի ուսանողները պաշտպանում էին իրենց որդեգրած դիրքորոշումն ու ժխտում հակառակորդ թիմի տեսակետները:
Նրանք նախ ներկայացրին համացանցը, դրա կարևորագույն դերը ներկա ժամանակներում, ապա նշեցին բոլոր այն հատկանիշները, որոնք նպաստում են մանկավարժ-սովորող հարաբերություններին:
Հակառակ կարծիքն ունեցող պատմաբաններն ու իրավագետներն էլ ժխտում էին հակառակորդ թիմին` նշելով, որ կրթության մակարդակի բարձրացման համար պետք է ստեղծվեն հավասար պայմաններ, իսկ համացանցը դեռևս հասանելի չէ բոլորին: Բացի այդ, էլեկտրոնային գրականությունը երբևէ չի կարող փոխարինել առձեռն գրականությանը:
Բանավեճի համար ընտրվել էր Կառլ Պոպպերի բանավեճի ձևաչափը՝ այն հարմարեցնելով այս մրցաշարին:

Բանավեճի ողջ ընթացքում խաչաձև հարցերի միջոցով թիմերից յուրաքանչյուրը տվեց թեմայի վերաբերյալ կողմ կամ դեմ լինելու իր սահմանումները, տեսակետների և փաստարկների ներկայացմամբ պնդեց իր կարծիքն ու դիրքորոշումը:
Բանավեճը վարում էր ՈւԳԸ Բանավեճի հանձնաժողովի պատասխանատու Շողիկ Սահակյանը, իսկ հաղթող թիմին որոշելու համար կազմվել էր դատավորների հանձնաժողով, որի կազմում էին Տեսական ֆիզիկայի և ֆիզիկայի ուսուցման մեթոդիկայի ամբիոնի ասպիրանտ, Համալսարան-գործատու համագործակցության կենտրոնի մասնագետ Հրայր Օհանյանը,Սոցիոլոգիայի և սոցիալական աշխատանքի ամբիոնի դասախոս Գոհար Մկոյանը, «Նոր միտք» երիտասարդական պորտալի հիմնադիր-տնօրեն Գոռ Գեղամյանն ու Սկզբնական կրթության ֆակուլտետի Բանավեճի ակումբի հիմնադիր-ղեկավար Լիաննա Չոբանյանը:
Համեմատելով բանավեճի ակումբի տարբեր հանդիպումները՝ armspu.am-ի հետ զրույցում վերջինս նշեց. «Կարող ենք վստահաբար ասել՝ գնալով ավելի ենք մոտենում բանավեճի սահամանված ձևաչափին, մասնակիցները տիրապետում են կանոնակարգին, բանավեճին մասնակցելու մշակույթին, իսկ հանդիպումները դառնում են ոչ թե քննարկումներ կամ մտքերի փոխանակում, այլև իսկական բանավեճեր»:
Հաշվի առնելով մասնակից թիմերի ներկայացրած համոզիչ փաստարկները, դրանց ապացույցները, մասնակիցների գրագետ խոսքը, թիմային աշխատանքը, վերլուծելով առանցքային հարցերի շուրջ կողմերի դիրքորոշումները՝ դատավորներն առավել բարձր գնահատեցին Օտար լեզուների ֆակուլտետի բանավեճի ակումբին:
Նշենք, որ նախորդ օրը Կուլտուրայի և Հատուկ կրթության ֆակուլտետների բանավեճերի ակումբները բանավիճել էին Հայաստանում կրթության համակարգի շուրջ՝ պնդելով, որ կրթական համակարգը դաստիարակում է ոչ թե քաղաքացի, այլև «քայլող հանրագիտարան»: